18:03  ,  6 հունիսի, 2021

Արման Դարչինյանը նվաճեց օլիմպիական ուղեգիր

Փարիզում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Արման Դարչինյանը նվաճեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

75 կգ քաշայինների 1/8 երզափակիչում Դարչինյանը միավորների առավելությամբ հաղթեց վրացի Գեորգի Կխարաբաձեին: Սա Դրաչինյանի առաջին մենամարտն էր վարկանիշային մրցաշարում: Հայ բռնցքամարտիկը պետք է մեկնարկեր հունիսի 4-ին՝ 1/16 զրափակիչից, բայց նրա մրցակիցը՝ Իռլանդիան ներկայացնող Միշել Նեյվինը, չէր ժամանել Փարիզ և հաղթանակը շնորհվել էր Հայաստանի ներկայացուցիչին:

Հունիսի 6-ին ռինգ դուրս կգա նաեւ Անի Հովսեփյանը: Հայաստանի մյուս ներկայացուցիչները պարտվել են եւ դուրս մնացել պայքարից:

Արման Դարչինյանը Հայաստանի 10-րդ օլիմպիականն է Տոկիո-2020-ում: Մինչև այս Հայաստանն ուներ 9 օլիմպիական ուղեգիր, չորսը՝ հունահռոմեական ըմբշամարտում (Արմեն Մելիքյան, 60 կգ, Կարեն Ասլանյան, 67 կգ, Կարապետ Չալյան, 77 կգ, Արթուր Ալեքսանյան, 97 կգ), երկուսը՝ ազատ ոճի ըմբշամարտում (Արսեն Հարությունյան, 57 կգ, Վազգեն Թևանյան, 65 կգ), մեկական՝ սպորտային մարմնամարզությունում (Արթուր Դավթյան), բռնցքամարտում (Կորյուն Սողոմոնյան, 52 կգ), Լեւոն Աղասյան (եռացատկ):

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում