13:36  ,  6 հունիսի, 2021

Կապառոս․ Մեզ մի քիչ չհերիքեց ագրեսիվ խաղն ու մարզական չարությունը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ամփոփել է հավաքը, որի ընթացքում ազգային թիմը 1։1 հաշվով խաղաց Խորվաթիայի եւ 1։3 հաշվով պարտվեց Շվեդիայի հավաքականին։

«Ամեն խաղում կան բացասական եւ դրական պահեր։ Մենք խաղում էինք շատ ուժեղ թիմի դեմ, որը պատրաստվում է Եվրո-2020-ին։ Բացասական երեւույթները պետք է մեր մեջ ամփոփենք։

Մեր կիսապաշտպանության գիծը լիովին նոր ֆուտբոլիստներով էր հագեցած, առաջին անգամ էին այս չորս ֆուտբոլիստները հանդես գալիս կիսապաշտպանությունում։ Մեզ մի քիչ չհերիքեց ագրեսիվ խաղն ու մարզական չարությունը, հատկապես, առաջին խաղակեսում։ Առաջին հերթին պետք է բարելավենք մեր խաղը ստանդարտների իրավիճակներում, մեր տղաները շատ բարձրահասակ չեն, այդ պատճառով պետք է աշխատենք այդ ուղղությամբ եւ հասկանանք, թե ինչպես պետք է հսկենք մրցակիցներին։

Դրականն այն է, որ նոր տղաներին տեսանք եւ ստուգեցինք։ Այժմ ավելի շատ իրական տվյալներ ունենք այդ տղաների մասին, քանի որ ամեն ինչ բացահայտվում է հենց խաղում։

Շատ բավարարված եմ այս հավաքից եւ շատ դրական եմ գնահատում։ Ցանկանում էինք տեսնել նոր ֆուտբոլիստներին այսպիսի բարդ խաղերում։ Շատ կարեւոր ասպեկտ է նաեւ թիմում տիրող մթնոլորտը, որ ավելի ու ավելի լավանում է, եւ մենք գոհ ենք։ Տղաները իրար հետ հիանալի հարաբերություններ ունեն, 24 ժամ միասին են։ Թիմային ոգին պետք է լինի մեր հավաքականի ուժեղ կողմը»,- ասել է Կապառոսը։

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 2-ին կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիային թիմին, իսկ սեպտեմբերի 5-ին՝ Գերմանիայի հավաքականին։ Սեպտեմբերին 8-ին Կապառոսի գլխավորած թիմը Երեւանում կմրցի Լիխտենշտեյնի հավաքականի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով