00:35  ,  6 հունիսի, 2021

Հայաստանի հավաքականի անպարտելի շարքն ավարտվեց Շվեդիայի դեմ խաղում (տեսանյութ, ֆոտո)

Խոակին Կապառոսի գլխավորությամբ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անպարտելի շարքը չշարունակվեց 10-րդ խաղում: Աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի հետ ոչ ոքիից (1:1) 4 օր անց հայկական թիմն ընկերական հանդիպում անցկացրեց նաև Եվրո-2020-ին պատրաստվող Շվեդիայի հավաքականի հետ և պարտվեց 1:3 հաշվով:

Խորվաթների դեմ նախորդ խաղի համեմատ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը մեկնարկային կազմում կատարել էր 5 փոփոխություն և դարձյալ ընտրել էր 4-4-2 տակտիկական սխեման:

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում տեղի ունեցած հանդիպման առաջին խաղակեսում Շվեդիայի հավաքականն ուներ մեծ առավելություն և խփեց 2 գոլ:

Խաղի սկզբնամասում ավելի ակտիվ էին դաշտի տերերը, որոնք առաջին գոլային պահն ունեցան 8-րդ րոպեին: Անկյունայինի խաղարկման ժամանակ գլխի հարված կատարեց իտալական «Սամպդորիայի» կիսապաշտպան Ալբին Էկդալը, բայց գնդակն ընթացավ փոքր շեղությամբ: Դրանից հետո Շվեդիայի հավաքականը ևս մի քանի անգամ սպառնաց հյուրերի դարպասին, իսկ 16-րդ րոպեին բացեց հաշիվը: Տուգանային հարվածով գոլի հեղինակ դարձավ գարմանական «Լայպցիգի» կիսապաշտպան Էմիլ Ֆորսբերգը, որի հարվածից հետո Հայաստանի  հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն անվստահ գործեց: Գոլից հետո էլ տանտերը պահպանում էին խաղային ու տարածքային առավելությունը, իսկ Հայաստանի հավաքականի մոտ ոչինչ չէր ստացվում առջևի գծում:

27-րդ րոպեին Շվեդիայի հավաքականը կարող էր կրկնապատկել հաշիվը, բայց իսպանական «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Ալեքսանդր Իսակը հեշտությամբ պաշտպաններից ազատվելուց հետո չկարողացավ հարմար դիրքից գրավել դարպասը: Դաշտի տերերի առավելությունն աստիճանաբար ավելի նկատելի էր դառնում, իսկ 34-րդ րոպեին գնդակը երկրորդ անգամ հայտնվեց Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասում: Անկյունայինի խաղարկման արդյունքում գլխի հարվածով աչքի ընկավ չինական «Դոլյան Իֆանի» պաշտպան Մարկուս Դանիելսոնը՝ 2:0:

38-րդ րոպեին Հայաստանի հավաքականի դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որը չկարողացավ անվրեպ իրացնել շվեդական ԱԻԿ-ի կիսապաշտպան Սեբաստիան Լարսոնը: Դավիթ Յուրչենկոն առաջին անգամ 11 մետրանոց հարված հետ մղեց Հայաստանի հավաքականում: Քիչ անց «Ալաշկերտի» դարպասապահը հյուրերին ևս մեկ անգամ փրկեց գոլից: Խաղակեսի վերջնամասում Հայաստանի հավաքականը փորձեց ակտիվություն դրսևորել առջևի գծում, բայց ապարդյուն, իսկ սկանդինավցիները ևս մի քանի անգամ սպառնացին հյուրերի դարպասին և թիմերն ընդմիջման գնացին 2:0 հաշվի պայմաններում:

Ընդմիջմանը Խոակին Կապառոսը կատարեց միանգամից 4 փոխարինում՝ դաշտ դուրս բերելով Արտակ Գրիգորյանին, Խորեն Բայրամյանին, Կարեն Մուրադյանին ու Տիգրան Բարսեղյանին:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Հայաստանի հավաքականն ավելի վստահ էր գործում ու ավելի հաճախ էր փորձում գրոհել, բայց գործն իրական գոլային պահերի չէր հասնում: Ընդմիջումից հետո տանտերերի տարածքային առավելությունը նույնքան մեծ չէր, և նրանք ևս չէին կարողանում լրջորեն սպառնալ մրցակցի դարպասին: Հայաստանի հավաքականը պրեսինգի էր դիմում նաև մրցակցի կիսադաշտում, ինչը դաշտի տերերին խանգարում էր առաջին խաղակեսի պես հեշտությամբ սկսել գրոհներ:

64-րդ րոպեին հայկական թիմը կրճատեց հաշիվը: Աչքի ընկավ Սլովակիայի «Ժիլինայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որն առաջին գոլը խփեց Հայաստանի հավաքականի կազմում:

73-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ «Արարատ-Արմենիայի» պաշտպան Ալբերտ Խաչումյանը, որը նորամուտը նշեց Հայաստանի հավաքականում:

74-րդ րոպեին հեռու տարածությունից մրցակցի դարպասին փորձեց սպառնալ Տիգրան Բարսեղյանը, որի հարվածը վտանգավոր չստացվեց դարպասապահի համար: 1 րոպե անց նույնը փորեց անել նաև Սարգիս Ադամյանը, որի հարվածը շեղ ստացվեց:

Հայաստանի հավաքականը գրեթե հավասարեցրել էր խաղը, սակայն 85-րդ րոպեին բաց թողեց երրորդ գոլը: Հաշիվը 3:1 դարձրեց փոխարինման դուրս եկած Մարկուս Բերգը ռուսական «Կրսնոդարից»: Հանդիպման վերջնամասում հայկական թիմի՝ հաշիվը կրճատելու փորձերը հաջողությամբ չպսակվեցին:

Հայաստանի հավաքականը գոլ խփեց 11-րդ խաղում անընդմեջ:

Հայաստանի և Շվեդիայի հավաքականները պատմության մեջ առաջին անգամ հանդիպեցին:

Ընկերական հանդիպում

Շվեդիա - Հայաստան՝ 3:1 (տեսանյութ)

Էմիլ Ֆորսբերգ, 16, Մարկուս Դանիելսոն, 34, Մարկուս Բերգ, 85 – Վահան Բիչախչյան, 64

Չիրացված 11 մետրանոց՝ Սեբաստիան Լարսոն, 38

Հայաստան․ Դավիթ Յուրչենկո, Մոնրոյ Արարատ, Անդրե Կալիսիր (Ալբերտ Խաչումյան, 73), Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան, Վբեյմար Անգուլո (Կարեն Մուրադյան, 46), Էդուարդ Սպերցյան (Արտակ Գրիգորյան, 46), Հակոբ Հակոբյան (Խորեն Բայրամյան, 46), Վահան Բիչախչյան, Սարգիս Ադամյան (Ժիրայր Շաղոյան, 84), Արթուր Միրանյան (Տիգրան Բարսեղյան, 46):

Շվեդիա. Ռոբին Օլսեն («Էվերտոն»), Միկայել Լուստիգ (ԱԻԿ, Էմիլ Կրաֆտ, 72), Մարկուս Դանիելսոն («Դոլյան Իֆան»), Վիկտոր Լինդելյոֆ («Մանչսթեր Յունայթեդ»), Պիեր Բենգտսոն («Վայլե»), Սեբաստիան Լարսոն (ԱԻԿ, Վիկտոր Կլաեսոն, 46), Ալբին Էկդալ («Սամպդորիա», Մատիաս Սվենբերգ, 72), Կրիստոֆեր Օլսոն («Կրասնոդար»), Էմիլ Ֆորսբերգ («Լայպցիգ»), Ալեքսանդր Իսակ («Ռեալ Սոսյեդադ», Մարկուս Բերգ, 72), Դեյան Կուլուշևսկի («Յուվենտուս», Ռոբին Քվայսոն, 72)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում