09:12  ,  6 հունիսի, 2021

Շամիլ Տարպիշչեւ․ Ծաղկաձորում կկառուցվի 2 կորտ, եւ Հայաստանի ու Ռուսաստանի թիմերը կանցկացնեն համատեղ հավաքներ

Նպատակ ունենք Ծաղկաձորում վերականգնել հավաքներն ու համատեղ մարզումները, ինչպես եղել է Խորհրդային Միության ժամանակ: Շուտով այնտեղ կկառուցվի երկու կորտ եւ Հայաստանի ու Ռուսաստանի թենիսիստները տարին երկու անգամ համատեղ հավաքներ կանցնեն: Սա երկու երկրների համար կլինի թենիսը զարգացնելու լավագույն հնարավորությունը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ, Ռուսաստանի Ազգային եւ Միջազգային օլիմպիական կոմիտեների անդամ, Ռուսաստանի հավաքականների գլխավոր մարզիչ, 73-ամյա Շամիլ Տարպիշչևը, որը ժամանել էր Երեւան Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանի հրավերով։

Երեւանի Incourt ակումբում անցկացվեց Tennis Europe «Gold Gym Cup» վարկանիշային մրցաշարը, մինչեւ 14 տարեկան աղջիկների եւ տղաների միջեւ: Tennis Europe վարկանիշային մրցաշարին մասնակցում էր նաեւ Շամիլ Տարպիշչեւի 12-ամյա դուստրը:  

Պարոն Տարպիշչեւ, բարի վերադարձ Հայաստան: Ի՞նչ հուշերով եւ ի՞նչ նոր ծրագրերով եք ժամանել, բացի այն, որ Ձեր դուստրը խաղում է վարկանիշային մրցաշարում:

Այցս միայն վարկանիշային մրցաշարում դստերս մասնակցության առիթով չէր: Վերադարձել եմ այնտեղ, որտեղից, կարելի է ասել՝ սկսել եմ իմ գործունեությունը թենիսում որպես ավագ: Ինձ Հայաստանի հետ հաճելի հուշեր են կապում, որոնք ցանկանում եմ վերականգնել:

 Ընկերոջս՝ Վահե Ավետիսյանի հետ այցելել էինք Ծաղկաձորի մարզաբազա, որի հետ կապված ունենք նոր մեծ ծրագիր։ Ցանկանում ենք այն համատեղ իրականացնել Հայաստանի ֆեդերացիայի հետ: 

Ծրագիրը ուսումնամարզական հավաքների համակարգի վերականգնում է: Շատ եմ ցանկանում, որ թենիսի հին ու բարի ավանդույթները վերադառնան, ինչպես Խորհրդային Միության ժամանակ: 1983 թվականից  7 տարի շարունակ մենք Ծաղկաձորում հավաքներ էինք անցկացնում: Հիմա Խորհրդային Միություն չկա, կա Ռուսաստան, Հայաստան եւ երկու կողմերի համար թենիսի զարգացման շահավետ ծրագիր իրականացնելու նպատակ:

Ինչպե՞ս է իրականացվելու ծրագիրը եւ ե՞րբ է նախատեսվում առաջին փուլը:

Եթե ամեն ինչ ընթանա մեր ծրագրով եւ կառուցվի երկու կորտ, այս տարի արդեն կանենք առաջին համատեղ հավաքը: Հավաքները պետք է վերածվեն ամենամյա ծրագրի: Ռուսաստանում ամառը շատ կարճ է, եւ մեր թենիսիտները դրսում խաղալու եւ ամառային մրցաշրջանը շարունակելու քիչ հնարավորություն ունեն: Եթե կարողանանք այս հավաքները կազմակերպել տարին երկու անգամ Ծաղկաձորում, շատ արագ թենիսը վերելք կապրի երկու երկրներում էլ, Հայաստանում մասսայականությունը կմեծանա, կզարգանա: Կսկսենք այս տարվա հոկտեմբեր-նոյեմբերին եւ կշարունակենք արդեն ամեն տարի:

Մեծ ծրագրեր ունենք: Հայաստանում թենիսը ավանդույթներ ունի եւ ուրախ եմ, որ դրանք պահպանվել են, կան լավ մասնագետներ, մարզիչներ, հեռանկարային երեխաներ: Ի դեպ, Ռուսաստանի հավաքականներում եւս ունենք հեռանկարային հայ երեխաներ: Մեր  առաքելությունն է զարգացնել թենիսը մեր երկրներում:

Խորհրդային Միության տարիներին Ծաղկաձորում վերջին համատեղ հավաքը եղել է 1988 թվականին: Ես մասնակցել եմ բոլոր հավաքներին եւ ամեն ինչ այնտեղ ինձ հոգեհարազատ է:

Ի՞նչ է փոխվել Ծաղկաձորում այսքան տարի անց: Պայմանները բավարարո՞ւմ են թենիսիստների համար:

Ծաղկաձորը հրաշալի բնակլիմայական պայմաններ ունի, բարձրադիր է եւ շատ հարմար է մարզիկների ֆունկցիոնալ պատրաստության համար:

Այս տարիների ընթացքում մարզաբազան ավելի ժամանակակից է դարձել, նորացված, խաղային, ուժային մարզաձեւերի դահլիճներ կան, 50 մետրանոց հրաշալի լողավազան, վազքուղի, որտեղ մենք վազում էինք, նորագույն մարզագույքերով մարզասրահ: Միայն  թե նախկինում այնտեղ թենիսի երկու կորտ կար, այժմ չկա: Պայմանավորվածություն ենք ձեռք բերել՝ մինչեւ աշուն այնտեղ կառուցել երկու ռետինե ծածկույթով կորտ (hardcourt):

Այն, ինչ մեզ պետք է՝ կա, մնացած ամեն ինչ կախված է մեր աշխատանքից, կոնկրետ գործողություններից եւ համատեղ ջանքերից:

Կսկսենք մինչեւ 16 տարեկանների հավաքականներից: Մեծահասակների օրացույցը մի փոքր խառն է եւ նրանց մրցաշարերի հետ դժվար է հարմարեցնել մեր ծրագրերը: Հետագայում արդեն երբ լիարժեք կվերականգնենք համատեղ հավաքների ավանդույթը, արդեն մեծահասակներն էլ Հայաստանի թիմի հետ Ծաղկաձորում ֆիզպատրաստություն կանցնեն մրցաշրջաններից առաջ:

Երեւանում հետեւում էիք վարկանիշային մրցաշարին, որտեղ խաղաց նաեւ Ձեր դուստրը: Ինչպե՞ս կգնահատեք հայ թենիսիստների ներուժը:

Հայ պատանի թենիսիստները մեծ ներուժ ունեն, հեռանկարային թենիսիտներ շատ կան: Գլխավորն այն է, որ պետք է հիմա սկսել, որ արագ աճեն: Կան կադրեր, կա փորձ, փորձառու մարզիչներ, գլխավոր մարզիչ եւ շատ տաղանդավոր երեխաներ. պետք է օգտագործել այս ամենը, որպեսզի հայ թենիսիստներն աճեն: Այդ նպատակով մենք միասին կիրականացնենք այն ծրագիրը, որի մասին պատմեցի:

Ինչ վերաբերում է իմ դստեր արդյունքներին, նա խաղաց 15 տարեկանների դեմ, բայց դեռ 12-ը չի լրացել: Այդ պատճաով դժվար եղավ նրա համար այս մրցաշարը: Նա տաղանդ ունի եւ արդեն դրսեւորում է իրեն կորտերում:

Նշեցիք, որ Հայաստանի հետ հաճելի հուշեր են կապում: Արդեն հասցրե՞լ եք լինել պատմական վայրերում:

Իսկապես, Հայաստանի հետ շատ մեծ հուշեր ունեմ: Երեւանում առաջին անգամ խաղացել եմ 1973 թվականին ԽՍՀՄ առաջնությանը:

Հայաստանն այնպիսի պատմական վայրեր ունեցող երկիր է, որ  երկու շաբաթում հնարավոր չէ բոլորը տեսնել: Կնոջս եւ դստերս հետ այցելել ենք Սեւան, Ծաղկաձոր, Հաղարծին, Նորավանք, Խոր Վիրապ, շրջել ենք պատմական եկեղեցիներում,  փորձել ամենահամեղ ձուկը, հայկական ուտեստները:

Դեռ շատ տեղեր կա այցելելու: Ես Խորհրդային Միության տարիներին տեսել եմ գրեթե ամբողջը, այժմ ընտանիքիս հետ եմ վայելում այդ շրջագայությունները: Ինձ այստեղ այնպես են «կերակրել», որ արդեն վախենում եմ որեւէ ռեստորան գնալ: Հայաստանում ամեն ինչը համեղ է, հատկապես ջուրը, որը հոսում է սարերից եւ կարելի է ցանկացած ծորակից խմել: Սիրում եմ նաեւ հայկական միրգը:  Ինձ զարմացրեց հայկական հորած պանիրը: Եղանակն այստեղ ուղղակի հիասքանչ է: Այն մեզ հնարավորություն տվեց ավելի պարզ ու մոտիկից տեսնել Արարատը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով