17:44  ,  1 հունիսի, 2021

Փաշիկ Ալավերդյան․ Մեկ տոկոս հույս ունեմ, որ մեր ուղեգրերի քանակը կավելանա

Մինչեւ հունիսի 12-ը վերջնական պարզ կլինի, թե քանի ծանրորդով կմասնակցենք Օլիմպիական խաղերին: Մեկ տոկոս հույս ունեմ, որ մեր ուղեգրերի քանակը կավելանա: Ես պաշտոնապես արդեն հաստատել եմ մրցավարական կազմում իմ ներկայությունը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։ Նա Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում որպես մրցավար սպասարկում էր ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Նշենք, որ Հայաստանը երիտասարդների ԱԱ-ում նվաճեց երկու ոսկե եւ մեկ արծաթե մեդալներ: Երիտասարդների աշխարհի չեմպիոններ դարձան Գարիկ Կարապետյանը (96 կգ) եւ Լիանա Գյուրջյանը (81 կգ), արծաթե մեդալակիր է դարձել Կարեն Մարգարյանը (81 կգ):

Փաշիկ Ալավերդյանը հայրենիք կվերադառնա հունիսի 2-ին։

«Կվերադառնամ Հայաստան եւ անմիջապես կմիանամ այս ընթացքում ուսումնամարզական հավաք անցնող մեր թիմին: Օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլն ակտիվ ընթացքի մեջ է: Մինչեւ Տոկիո մեկնելը, մինչեւ վերջին օրը հավաքներ կանենք, ոչ մի օր կանգ չենք առնելու:

Ասել էի, որ մայիսի 28-ին հայտնի կդառնա մեր քվոտաների վերջնական քանակը, բայց դեռ վարկանիշային մրցումներն են ընթանում, դեռ նախագահության ժողով պետք է լինի, կքննարկեն, կորոշեն, ես կհայտարարեմ:

Հունիսի 10-12-ին հայտնի կդառնա՝ կունենանք եւս մեկ-երկու տեղ, թե ոչ: Ամեն դեպքում Օլիմպիական խաղերին պատրաստվում ենք պահեստայիններով՝ երկու տղա, երկու աղջիկ: Պատրաստվում են՝ Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Իզաբելա Յայլյանը, Տաթեւիկ Հակոբյանը:

Մեկ տոկոս հույս ունեմ, որ մեզ եւս մեկ տեղ կտան, որովհետեւ արդեն հրաժարվող երկրներ կան: Գուցե մեզ չտան, թույլ երկրների տան»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հաստատեց, որ համաձայնել է սպասարկել Տոկիոյի Օլիմպիական խաղերը որպես մրցավար:

«Միջազգանին ֆեդերացիայի կողմից հրավեր եմ ստացել որպես մրցավար հանդես գալու: Տվել եմ իմ համաձայնությունը եւ արդեն պաշտոնապես հաստատված է, որ ես կլինեմ մրցավար: Մեր թիմի հետ կաշխատի Վիգեն Խաչատրյանը: Այս պահին մեկ տղա, մեկ աղջիկ է մասնակցելու, կազմը փոքր է, ստացվում է, որ երկու դեպքում էլ մեկ հոգի է դուրս գալու մրցահարթակ: Նրանց կաշխատացնի Վիգենը, ես կլինեմ մրցավարական կազմում:

Ինձ համար բարդ չի լինի. 30 տարի մրցավարական կազմում եմ եղել, մշտապես մասնակցել եմ մրցավարական մրցումներին, այդ պատճառով էլ ինձ են ընտրել: Մինչեւ մեկնումի օրը կհետեւեմ հավաքներին, կանենք ծրագրված բոլոր հավաքները, մարզումները եւ կմեկնենք: Մնացածն այնտեղ կանի Վիգեն Խաչատրյանը»,- նշեց Փաշիկ Ալավերդյանը:

Նշենք, որ այս պահին Հայաստանի օլիմպիական հավաքականն ունի 9 ուղեգիր. չորսը՝ հունահռոմեական ըմբշամարտում (Արմեն Մելիքյան, 60 կգ, Կարեն Ասլանյան, 67 կգ, Կարապետ Չալյան, 77 կգ, Արթուր Ալեքսանյան, 97 կգ), երկուսը՝ ազատ ոճի ըմբշամարտում (Արսեն Հարությունյան, 57 կգ, Վազգեն Թևանյան, 65 կգ), մեկական՝ սպորտային մարմնամարզությունում (Արթուր Դավթյան), բռնցքամարտում (Կորյուն Սողոմոնյան, 52 կգ): Օլիմպիական հավաքականը համալրեց նաեւ Հայաստանի առաջատար եռացատկորդ Լեւոն Աղասյանը: Ծանրամարտի երկու ուղեգրերի հանրագումարում Հայաստանի օլիմպիական հավաքականը նախնական բաղկացած կլինի 11 անդամից:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով