19:36  ,  31 մայիսի, 2021

Վարազդատ Հարոյան. Կարծում եմ՝ վաղվա խաղին պատրաստ չեմ լինի

Ղազախական «Աստանայի» նախորդ խաղում վնասվածք ստացած պաշտպան Վարազդատ Հարոյանը քիչ հավանական է համարում իր մասնակցությունը Խորվաթիայի դեմ ընկերական խաղին։ Այդ մասին նա հայտնել է նախաղաղային ասուլիսում։

«Հուլիսի 1–ին արդեն ուժի մեջ կմտնի պայմանագիրս «Կադիսի» հետ, անհամբեր սպասում եմ թիմին միանալուն։ Դեռ չորս խաղ ունեմ «Աստանայի» հետ։

«Աստանայում» վնասվածք ստացա, կարծում եմ՝ այդքան էլ լուրջ վնասվածք չէ, այսօր ավելի բարդ վարժություն կանեմ, բայց կարծում եմ՝ վաղվա խաղին պատրաստ չեմ լինի։

Խորվաթիան շատ լավ հավաքական է, հզոր ֆուտբոլիստներով։ Բայց միշտ էլ ասել եմ, որ բոլոր թիմերի դեմ էլ կարելի է լավ ֆուտբոլ խաղալ։ Հաշիվն այդքան էլ կարեւոր չէ, բայց բոլորս էլ պրոֆեսիոնալ ենք եւ խաղադաշտ ենք դուրս գալիս հաղթանակի համար»։

Խորվաթիա – Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա հունիսի 1–ին Վելիկա Գորիցա քաղաքում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00–ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում