18:21  ,  30 մայիսի, 2021

«Ռոման» 2 տարվա պայմանագիր է առաջարկել Հենրիխ Մխիթարյանին

Իտալական «Ռոման» երկու տարվա պայմանագիր է առաջարկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Հռոմեական ակումբը պատրաստ է 32-ամյա ֆուտբոլիստին վճարել տարեկան 4,5 միլիոն եվրո աշխատավարձ։ Մխիթարյանը պետք է պատասխանի 48 ժամում, հաղորդում է հայտնի ֆուտբոլային լրագրող Նիկոլո Սկիրան։

Ավելի վաղ Sky Sport-ը հաղորդել էր, որ «Ռոմայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է պահպանել թիմում Մխիթարյանի, որի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև հունիսի 30-ը:

Մխիթարյանը Մոուրինյոյի գլխավորությամբ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է 18 ամիս (2016-2018-ը) և նվաճել 3 տիտղոս, այդ թվում՝ 2017-ին դառնալով Եվրոպայի լիգայի հաղթող:

Հայ կիսապաշտպանը 2020 թվականի սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Ռոմա», որի կազմում Իտալիայի ավարտված առաջնությունում մասնակցել է 34 խաղի և դարձել 13 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ: Նա «Ռոմայի» լավագույն ռմբարկուն էր այս մրցաշրջանում:

Հայաստանի հավաքականի ավագը հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016) և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018):

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում