10:19  ,  30 մայիսի, 2021

Հակոբ Սերոբյան․ Արթուր Դավթյանը շուտով իր անունով տարր կունենա

Արթուր Դավթյանը շուտով իր անունով տարր կունենա նժույգ թափեր վարժությունում: Այժմ աշխատում ենք այդ տարիի վրա: Եթե ոչ Օլիմպիական խաղերում, դրանից հետո որեւէ պաշտոնական մրցաշարում տարրը կգրանցվի: Արթուրն արժանի է իր անունով տարր ունենալ, այնպես ինչպես օլիմպիական մեդալակիր դառնալ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Նժույգ թափեր վարժության Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը սկսում է Օլիմպիական խաղերի նախապատրաստական վերջին փուլը:

Մինչ այդ Տոկիո 2020-ում սպորտային մարմնամարզությունում Հայաստանի միակ ներկայացուցիչը մասնակցեց «Ուկրաինայի միջազգային գավաթ 2021» խորագրով միջազգային մրցաշարին, որտեղ 3 արծաթե մեդալ նվաճեց նժույգ թափերի, հենացատկի ու օղակների վարժություններում: Նույն մրցաշարում Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը երիտասարդների պայքարում արծաթե մեդալակիր է դարձել նժույգ թափերի, զուգափայտերի, օղակների ու ազատ վարժություններում:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն ամփոփել է Ուկրաինայի մրցաշարն ու խոսել Օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլի ծրագրերի մասին:

«Ուկրաինայի միջազգային գավաթին մասնակցեցինք լավ կազմով եւ ունեցանք մեդալներ: Առաջին անգամ մեծահասակների հետ պայքարեց մեր ամենակրտսեր մարմնամարզիկը՝ 13-ամյա Համլետ Մանուկյանը: Նա, իհարկե պայքարում էր երիտասարդների մեջ, բայց իր լավագույն մասնակցությամբ բոլորիս ուրախացրեց: Համլետին թույլ չէին տալի մասնակցել: Միջամտեցինք, խնդրեցինք, որ թույլ տան՝ փորձի ուժերը երիտասարդներում, չնայած, դեռ շատ փոքր է: Սա հատուկ մտածված քայլ էր մեր կողմից: Փայլուն մասնակցեց, արդյունքները հիացնող էին՝ արծաթե մեդալակիր նժույգ թափերի, զուգափայտերի, օղակների ու ազատ վարժություններում: 2022 թվականին անցկացվելու է երիտասարների Եվրոպայի առաջնություն 14-18 տարեկանների համար: Համլետ Մանուկյանին նախապատրաստում ենք Եվրոպայի առաջնության: Նրա ուժեղ գործիքը նժույգ թափերն է: Նա կարող է հավակնել ոսկե մեդալի եւ այդպես էլ նրան նախապատրաստում ենք:

Լուրջ մրցաշար էր, 18 երկրից թիմեր էին մասնակցում: Բոլորից գոհ եմ: Թիմային հաշվարկում գրավեցինք երրորդ տեղը»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Գլխավոր մարզիչի խոսքով, Օլիմպիական խաղերից առաջ Արթուր Դավթյանի մասնակցությունը տարբեր մրցաշարերում մրցումային տեմպի մեջ պահելու նպատակ ունի:

«Այս փուլում Արթուրին մտածված էինք ընդգրկում մրցաշարերում, բայց Ուկրաինայի մրցաշարով կեզրափակվենք:  Չենք կարող լրիվ զրոյական վիճակ թողնել նրա մոտ: Պետք է տոնուսի մեջ մնա: Այս շրջանում դադար կտանք, կհանգստանա, որպեսզի պատրաստվի արդեն հիմնական հավաքին Օլիմպիական խաղերից առաջ: Գերծանրաբեռնված հավաք ենք ունենալու հունիսի 20-ից հուլիսի 11-ը ու կմեկնենք Տոկիո:

Արթուր Դավթյանի անունով պատրաստվում ենք նոր տարր գրանցել նժույգ թափերի վարժությունում: Տարրը կլինի  մի բռնակի վրա մեկ ձեռքով 360 աստիճան հետադարձ պտույտ: Ցանկանում էինք մինչեւ Օլիմպիական խաղեր գրանցել, բայց արդեն չենք կարող, քանի որ ամենաքիչը պաշտոնական աշխարհի գավաթի փուլ պետք է լինի, որպեսզի տարրը գրանցվի: Այնպես դասավորվեց, որ մենք չենք մասնակցի աշխարհի գավաթի վերջին փուլին, որը տեղի է ունենալու Քաթարում հունիսին: Աշխարհի գավաթի մասնակցությունը կխառնի մեր ծրագրերը, բացի այդ մեզ Քաթարի արդյունքը ոչինչ չի տալու: Արդեն հստակ ծրագրված է հունիսի 20-ից հուլիսի 11-ը Թբիլիսիում հավաք Օլիմպիական խաղերի համար:

Դեռ վերջնական պարզ չէ՝ Օլիմպիական խաղերում նժույգ թափեր կանենք, թե ոչ, որովհետեւ շեշտը դրված է Արթուրի հիմնական գործիքի՝ հենացատկի վրա: Ընթացքում կհասկանանք նժույգի վարժություն անի, բարդացնենք, թե թողնենք այն, ինչ Եվրոպայի առաջնությունում արեց:

Իր անունով տարրն էլ չենք որոշել՝ կանի Խաղերում, թե ոչ: Եթե Տոկիոյում չանի, հաջորդ պաշտոնական մրցաշարերից մեկում անպայման կգրանցենք: Արթուր Դավթյանը բարձրակարգ մարմնամարզիկ է եւ արժանի է իր անունով տարր ունենալ, այնպես ինչպես արժանի է օլիմպիական մեդալակիր դառնալ»,- մանրամասնեց Հակոբ Սերոբյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը սպորտային մարմնամարզությունում Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Նա օլիմպիական ուղեգիրը նվաճել է 2019 թվականի հոկտեմբերի 8-ին Շտուտգարտում անցկացված աշխարհի առաջնությունում։

Հակոբ Սերբոյանը, որպես մրցավար, կսպասարկի Տոկիոյի Օլիմպիական խաղերը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով