01:25  ,  30 մայիսի, 2021

3-րդ տարին անընդմեջ Չեմպիոնների լիգայում հաղթեց գերմանացի մարզիչ

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ հաղթանակի արդյունքում շարունակեց գերմանացի մսանագետների հաղթական շարքը Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում:

Երրորդ մրցաշրջանում անընդմեջ Չեմպիոնների լիգայում հաղթեց գերմանացի մարզիչի գլխավորած թիմ: Նախորդ մրցաշրջանում հաղթողի կոչումը Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ նվաճել էր Մյունխենի «Բավարիան», իսկ 2018/2019թթ. մրցաշրջանում՝ Յուրգեն Կլոպի գլխավորած «Լիվերպուլը»:

Թոմաս Տուխելն այս տարվա հունվարին էր գլխավորել «Չելսին»՝ փոխարինելով Ֆրենկ Լեմպարդին: Գերմանացին առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումը: Նախորդ մրցաշրջանում նա ֆրանսիական ՊՍԺ-ի հետ դուրս էր եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ պարտություն էր կրել Մյունխենի «Բավարիայից»:

Հիշեցնենք, որ պորտուգալական Պորտուի «Դրագաու» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում «Չելսին» հաղթել էր նվազագույն հաշվով: Միակ գոլը 42-րդ րոպեին խփել էր գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը: Դա 21-ամյա գերմանացու առաջին գոլն էր Չեմպիոնների լիգայում: Այս մրցաշրջանում «Չելսին» «Մանչեսթեր Սիթիին» հաղթեց երրորդ խաղում անընդմեջ:

Հիշեցնենք, որ «Չելսին» Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումը նվաճել էր նաև 2011/2012թթ. մրցաշրջանում՝ եզրափակիչում հաղթելով Մյունխենի «Բավարիային»: Այդ տարի ևս լոնդոնյան ակումբը Չեմպիոնների լիգայում հաղթել էր մրցաշրջանի ընթացքում մարզչական փոփոխությունից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում