12:10  ,  29 մայիսի, 2021

Գևորգ Կասպարովն ավարտեց կարիերան (ֆոտո)

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Գևորգ Կասպարովը Երևանի «Ալաշկերտի» կազմում Հայաստանի չեմպիոն դառնալուց հետո հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

«Այդ խաղով ավարտվեց 25 տարվա ֆուտբոլային կյանքս՝ որպես ֆուտբոլիստ: Ավարտում եմ կարիերաս: Չնայաց նախատեսել էին խաղալ մի քանի րոպե, բայց խաղի ընթացքում եղան վնասվածքներ ու հարկադրված փոփոխություններ և այդպես էլ չմտա խաղադաշտ:

Շնորհավորում եմ «Ալաշկերտի» երկրպագուներին, խաղացողներին, մարզչական, բժշկական ադմինիստրացիոն կազմին ու նախագահին չեմպիոնության համար: Առիթից օգտվելով շնորհավորում եմ մեր մյուս ակումբներին եվրագավաթների ուղեգիր նվաճելու և Հայաստանը ներկայացնելու համար»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշեց Գևորգ Կասպարովը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին 40-ամյա Կասպարովը հեռացել էր Գյումրիի «Շիրակից» և միացել «Ալաշկերտին»:

Ավելի վաղ Գևորգ Կասպարովը դարձել էր Հայաստանի առաջնություններում խաղացած ամենատարեց դարպասապահը: Երևանի «Ուրարտուի» դեմ նոյեմբերի 22-ին տեղի ունեցած խաղում նա «Շիրակի» կազմում ռեկորդը սահմանեց 40 տարեկան 120 օրականում: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրն էր Ռոբերտ Պալյանը, որը Հայաստանի առաջնությունում խաղացել էր 40 տարեկան 90 օրականում: «Փյունիկի» դեմ տարեվերջյան խաղում Գևորգ Կասպարովը թարմացրեց սեփական ռեկորդը՝ խաղալով 40 տարեկան 140 օրականում:

Գևորգ Կասպարովն այս մրցաշրջանից առաջ էր միացել «Շիրակին»: Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաև «Դվինում», «Զվարթնոցում», «Միկայում», «Փյունիկում», «Ուլիսում», «Ալաշկերտում», «Գանձասար-Կապանում», ինչպես նաև Իրանը ներկայացնող «Արարատ» (Թեհրան), «Պաս», «Ռահ Ահան», «Սանատի Կավե», «Զոբ Ահան», «Տրակտոր» ակումբներում ու Արևմտյան Հայաստանի հավաքականում: Հայաստանի ազգային հավաքականի կազմում նա անցկացրել է 29 հանդիպում և բաց թողել 34 գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում