15:05  ,  27 մայիսի, 2021

Էրիկ Բազինյանը կոչ է արել դադարեցնել իր նկատմամբ քրեական հետապնդումը

Կանադան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով դադարեցնել իր նկատմամբ քրեական հետապնդումը Հայաստանում:

«Բաց նամակ ՀՀ քաղաքացիներին ու պատկան մարմիններին

Սիրելի հայ ժողովուրդ, ՀՀ իրավասու պաշտոնատար անձինք

Ես պրոֆեսիոնալ բռնցքանարտիկ Էրիկ Բազինյանն եմ: 16 տարեկանից ապրում եմ Կանադայում: Իմ կարիերայի ընթացքում վարել եմ 25 մենամարտ և 25-ում էլ հաղթել եմ: Եղել եմ մինչև 24 տարեկանների՝ WBO վարկածով աշխարհի չեմպիոն: Այս տարի պայքարելու եմ աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար:

Չնայած նրան, որ ապրում եմ Կանադայում և մենամարտերս անցկացնում եմ Կանադայում և Ամերիկայում, միշտ հանդես եմ եկել Հայաստանի եռագույնի ներքո և բարձր պահել մեր դրոշն ու «ՀԱՅ» անունը:

Ցավոք, գտնվելով այստեղ՝ օբյեկտիվ պատճառներով չեմ կարողացել կատարել իմ քաղաքացիական պարտքը ու ծառայել հայկական բանակում: Ներկա պահին իմ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցված. գտնվում եմ հետախուզման մեջ:

Արդեն 10 տարի է, ինչ չեմ եղել իմ հայրենի հողում և, բնականաբար, դեռ չեմ էլ կարող հայրենիք գալ. կարոտը խեղդում է, սակայն անզոր եմ որևէ բան անել…

Ես արդեն կազմել եմ ընտանիք և ունեմ 3 տարեկան տղա՝ Էդուարդս, և նույնիսկ մեծ ցանկության դեպքում չեմ կարող թողնել ընտանիքս, մարզական հաջողակ կարիերաս ու վերադառնալ Հայաստան՝ ծառայության:

Չեմ ուզում ծեծված բառեր ասել, բայց ես էլ իմ ուժերի ներածին չափով եմ ճանաչելի դարձնում Հայաստանը՝ իմ ծառայությունը երկրին մատուցելով բազմահազար հայրենակիցներիս հպարտության ու բերկրանքի պահեր պարգևելով:

Միշտ երկրիս օգնել եմ հնարավորությանս չափով թե բռնցքամարտում, թե բռնցքամարտից դուրս:

44-օրյա պատերազմի ժամանակ մեծ քանակի տարատեսակ օգնություն եմ ուղարկել մեր զինվորներին, ինչի մասին բոլորն են քաջատեղյակ:

Իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու խնդրանքով դիմել եմ շատ բարձրաստիճան պաշտոնյաների՝ սկսած պաշտպանության այն ժամանակվա նախարար Դավիթ Տոնոյանից, վերջացրած՝ Ազգային ժողովի պատգամավորներից: Ես խնդրել եմ վերացնել հետախուզումը, որպեսզի կարողանամ մուտք գործել իմ հայրենիք, կարոտս առնել, կարողանալ փորձս ներդնել մեր սպորտի զարգացման մեջ, օգնել ֆինանսապես, կարողանալ մարզվել իմ երկրում մեծ մենամարտներից առաջ, բայց, ցավոք, մերժվել եմ. Բոլոր դռները փակել են իմ առաջ:

Անկեղծորեն չեմ հասկանում իմ նկատմամբ նման վերաբերմունքի պատճառը: Մի՞թե հանցանք եմ գործում՝ ամեմ անգամ բարձր պահելով մեր եռագույնը:

Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր պաշտոնյաներին՝ խնդրանքով, որ ինձ հնարավորւթյուն տան՝ վերադառնամ հայրենիք: Պատրաստ եմ կատարել օրենքով սահմանված բոլոր ֆինանսական պարտավորություններս՝ ի փառս և ի հզորություն մեր բանակի:

Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանցից, ովքեր միշտ իմ կողքին են, թեկուզ ոչ ֆիզիկապես:

Ես հպարտ եմ, որ հայ եմ, դա իմ արյան մեջ է, և չեմ կարծում՝ վատ կամ դժվար բան եմ ցանկանում ու խնդրում իմ հայրենիքից:

Շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու և կարդալու համար: Հուսով եմ՝ մի օր կհանդիպենք մեր սիրելի Հայաստանում:

Սիրով՝ ձեր Էրիկ Բազինյան»,- նշված է 25-ամյա բռնցքամարտիկի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Էրիկ Բազինյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 25 մենամարտ և տարել նույնքան հաղթանակ: Նախորդ մենամարտը նա անցկացրել է 2020թ. փետրվարի 21-ին՝ նոկաուտով հաղթելով ֆինն Տիմո Լայնին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս