Իսպանական «Վիլյառեալը» Եվրոպայի լիգայի եզրափակիչում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ հաղթանակի արդյունքում ռեկորդ է գրանցել եվրագավաթներում, հայտնում է Marca-ն:
Վիլյառեալը ամենաքիչ բնակչությամբ քաղաքն է, որը ներկայացնող ակումբը տիտղոս է նվաճում եվրագավաթներում: Վիլյառեալ քաղաքի բնակչությունը մոտ 50 հազար է:
Այդ ռեկորդը պատկանում էր բելգիական «Մեխելենին», որը 1988 թվականին հաղթել էր Գավաթակիրների գավաթում: Այդ ժամանակ Մեխելեն քաղաքի բնակչությունը կազմում էր 75 հազար մարդ:
Հիշեցնենք, որ Լեհաստանի Գդանսկ քաղաքում անցկացված եզրափակիչի հիմնական ժամանակում գրանցվեց 1։1 հաշիվը, և հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոցներով: «Վիլյառեալն» առաջին անգամ նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը: Իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին կարիերայում ռեկորդային՝ չորրորդ անգամ հաղթեց այդ մրցաշարում:
Եվրոպայի լիգայի հաղթողը նվաճում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:
«Վիլյառեալը» եվրագավաթային մրցաշարերում հաղթել է նաեւ 2003-ին եւ 2004-ին՝ դառնալով ՈւԵՖԱ-ի Ինտերտոտոյի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում