01:59  ,  27 մայիսի, 2021

«Վիլյառեալն» առաջին անգամ նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը (ֆոտո, վիդեո)

Իսպանական «Վիլյառեալն» առաջին անգամ նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը՝ եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով պարտության մատնելով անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»։ Լեհաստանի Գդանսկ քաղաքում տեղ իունեցած դիմակայությունում հիմնական ժամանակում գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմի կազմում 29-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի հարձակվող Ժերար Մորենոն։ Գոլային փոխանցումը կատարեց իսպանացի կիսապաշտպան Դանի Պարեխոն։

55-րդ րոպեին նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը կարողացավ հավասարեցնել հաշիվը։ Շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինայի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին։

Լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չարձանագրվեց։ 11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին իսպանական թիմի ֆուտբոլիստները՝ 11։10։ 

11-րդ հարվածը «Մանչեսթեր Յունայթեդից» կատարեց իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան։ Սեյվ կատարեց «Վիլյառեալի» արգենտինացի դարպասապահ Խերոնիմո Ռուլին, որն իր հարվածն արդյունավետ էր իրացրել։

«Վիլյառեալը» եվրագավաթային մրցաշարերում հաղթել է նաեւ 2003-ին եւ 2004-ին՝ դառնալով ՈւԵՖԱ-ի Ինտերտոտոյի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող։

Եվրոպայի լիգա, եզրափակիչ, հիմնական ժամանակ

«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 1։1, 11մ՝ 11։10 (տեսանյութ)

Ժերար Մորենո, 29 - Էդինսոն Կավանի, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում