14:12  ,  26 մայիսի, 2021

Տիգրան Բարսեղյանը` տուրի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

«Աստանայի» ու Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը Vesti.kz-ի վարկածով ընդգրկվել է ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: 27-ամյա ֆուտբոլիստի գոլի օգնությամբ առաջատար «Աստանան» 1:1 հաշվով էր ավարտել գործող չեմպիոն «Կայրաթի» հետ տնային հանդիպումը: 

««Կայրաթի» հետ հանդիպման վերջնամասում հայ կիսապաշտպանը խփեց կարևոր գոլ, որը կարող էր հաղթական դառնալ: Նա հաղթեց մենապայքարների մեծ մասը: InStat-ի վարկածով Բարսեղյանը մայրաքաղաքային ակումբի լավագույն խաղացողն էր այդ խաղում»,- Տիգրան Բարսեղյանի մասին գրում է աղբյուրը:

Հիշեցնենք, որ Ղազախստանի ընթացիկ առաջնությունում Տիգրան Բարսեղյանը մասնակցել է 12 հանդիպման, դարձել 3 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում