13:42  ,  24 մայիսի, 2021

Անտոն Կոբյալկոն՝ Եղիշե Մելիքյանի հետ ծեծկռտուքի մանրամասների մասին

Երեւանի «Փյունիկից» հեռացած ռուս հարձակվող Անտոն Կոբյալկոն պատմել է թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մելիքյանը «Զվարթնոց» օդանավակայանում ծեծել է ռուս ֆուտբոլիստին, սակայն մարզիչը հերքել էր դա:

«Ես ու Մելիքյանը գրեթե հասակակիցներ ենք, ես 35 տարեկան եմ, իսկ նա՝ 41: Չեմ հասկանում, թե ինչն էր պատճառը, որ մեր հարաբերությունները լավը չէին: Մենք տարանք 2 անընդմեջ հաղթանակ, ինչից հետո Մելիքյանն ինձ ասաց, որ ցանկանում է փորձել այլ հարձակվողի: Ես նրան ասացի, որ որևէ խնդիր չեմ տեսնում: Իմ նախկին ակումբ «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում նա որոշեց ինձ դաշտ դուրս բերել 88-րդ րոպեին: Ես արժանի չէի այդպիսի վերաբերմունքի: Այո, նա մարզիչ է և ունի այդ իրավունքը, սակայն կարծում եմ, որ նա միտումնավոր արեց դա: Ինձ մոտեցան և ասացին, որ տաքացնեմ մկանները, իսկ ես այդ պահին զրուցում էի այլ մարդու հետ: Հետո մոտեցավ Մելիքյանը և ասաց, որ այլևս չեմ խաղալու նրա թիմում: Ես պատասխանեցի, որ չեմ էլ ցանկանում խաղալ նրա թիմում: Դեռ չէր հնչել եզրափակիչ սուլիչը, նա սկսեց վիճել ինձ հետ: Ես ասացի, որ կզրուցենք հետո, սակայն նա անպատվեց իմ մորը: Ես ասացի, որ կսպասեմ նրան հանդերձարանում: Նա խոստացավ գալ, սակայն, երևի, մինչև հիմա գալիս է: Սպասեցի 20-30 րոպե, բայց նա այդպես էլ չեկավ: Այդ հայհոյանքները լսեցին բոլորը, այդ թվում՝ երկրպագուները: Գլխավորը, որ ես լսեցի դա: Նա թատերական, հուզական տղամարդ է, այդ պատճառով բարձր ասաց ամեն բան:

«Շիրակի» դեմ խաղի օրը մեկնեցի ակումբի մարզաբազա, որպեսզի հրաժեշտ տամ ֆուտբոլիստներին: Մելիքյանի հետ զրուցեցի առանձին և ասացի, որ նա պետք է ներողություն խնդրի: Նա հրաժարվեց, ինչից հետո ապտակեցի նրան: Նա ընկավ հատակին: Դրանից հետո ինձ վրա հարձակվեց մարզիչի օգնականը, ու նրանք երկուսով սկսեցին հետապնդել ինձ, սակայն ոչինչ չստացվեց: Հետո նրանց միացան ակումբի ևս մի քանի աշխատակիցներ: 5 հոգի վազում էին իմ հետևից, սակայն ոչինչ չստացվեց: Ես «ցատկեցի» տաքսու մեջ և ուղևորվեցի օդանավակայան: Հասնելով օդանավակայան՝ հանձնեցի ուղեբեռը և տեսա, որ ինձ վրա է վազում կարմիր համազգեստով մի տղամարդ. դա Մելիքյանն էր: Սկսվեց քաշքշուկ, ինչից հետո ես թիկունքից հարված ստացա գլխիս: Չհասկացա, թե ով էր դա: Տեսնում էի միայն Մելիքյանին ու նրա օգնականին: Հետո մոտեցան ոստիկանները, մեզ բաժանեցին և տարան բաժանմունք: Ես միանգամից ասացի, որ որևէ դժգոհություն չունեմ: Չհասցրեցի մեկնել այդ չվերթով և վերադարձա երևանյան բնակարան: Հաջորդ օրը վերադարձա Ռուսաստան:

Ոստիկանական բաժանմունք ուղևորվելիս տեսա նաև «Փյունիկի» փոխնախագահի օգնական Կիմ Առաքելյանին: Ասում են, որ նա նույնպես հարվածել է ինձ, սակայն ես չեմ տեսել: Տեսել եմ, Մելիքյանին ու նրա օգնականին: Տեսախցիկներում երևում է, որ ինձ վրա հարձակվողները երեքն էին: Չգիտեմ, թե ով էր երրորդն ու ինձ թիկունքից հարվածողը:

Կարդացել եմ Մելիքյանի խոսքերը: Այդ ամենը սուտ է: Նա ստախոս է»,- ռուս հարձակվողի խոսքը մեջբերում է championat.com-ը:

Հիշեցնենք, որ Անտոն Կոբյալկոն 2020թ․ հուլիսին էր միացել «Փյունիկին»։ Դրանից առաջ նա հանդես էր գալիս «Արարատ-Արմենիայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում