11:20  ,  24 մայիսի, 2021

Մալխաս Ամոյան. Ուրախ եմ, որ այս հաղթանակով կարողացա ուրախացնել բոլորիդ

Մալխաս Ամոյանը (72 կգ) Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո գրառում է կատարել սոցցանցերում:

«Շնորհակալ եմ ջերմ բարեմաղթանքների և շնորհավորանքների համար: Ուրախ եմ, որ այս հաղթանակով կարողացա ուրախացնել բոլորիդ»,- գրել է Ամոյանը:

Հիշեցնենք, որ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մրցել էր ուկրաինացի Անդրեյ Կուլիկի հետ և վստահ հաղթանակ տարել 6:0 հաշվով: Ամոյանը ոչ մի շանս չտվեց մրցակցին՝ գոտեմարտերից յուրաքանչյուրում վաստակելով 3 միավոր:

Մալխաս Ամոյանը պայքարը սկսել էր մայիսի 22-ին և եզրափակիչի ճանապարհին հաղթել էր վրացի Օթար Աբուլաձեին (6:1), ադրբեջանցի Խասայ Հասանլիին (7:0) ու ռուս Սերգեյ Կուտուզովին (4:1):

Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հրաչյա Պողոսյանը (63 կգ) դարձել էր ոսկե մեդալակիր, Դավիթ Օվասապյանը (130 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Տիգրան Մինասյանը (60 կգ), Սամվել Գրիգորյանը (77 կգ) և Գևորգ Թադևոսյանն (87 կգ) արժանացել էին բրոնզե մեդալի: Հայաստանը թիմային հաշվարկում գրավել էր երկրորդ տեղը:

View this post on Instagram

A post shared by Malkhas Amoyan (@__amoyan_)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում