19:45  ,  22 մայիսի, 2021

Մ23 ԵԱ. Մալխաս Ամոյանը դուրս եկավ եզրափակիչ

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակիչ դուրս եկավ 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը։ Կիսաեզրափակիչում նա գոտեմարտեց ռուսաստանցի Սերգեյ Կուտուզովի հետ եւ հաղթանակ տարավ 4։1 հաշվով։ Մայիսի 23–ին անցկացվելիք եզրափակիչում Մալխաս Ամոյանը կմրցի ուկրաինացի Անդրեյ Կուլիկի հետ։

1/8 եզրափակիչում Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով պարտության էր մատնել վրացի Օտար Աբուլաձեի, քառորդ եզրափակիչում 7։0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Քասայ Հասանլիին։

60 կգ քաշային կարգում Տիգրան Մինասյանը կիսաեզրափակիչում 0։7 հաշվով պարտվեց ռուսաստանցի Անվար Ալաքիարովին եւ բրոնզե մեդալի համար կգոտեմարտի իսպանացի Անդի Խուան Սուչի հետ։

Տիգրան Մինասյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից եւ 9։0 հաշվով առավելության էր հասել ռումինացի Ռազվան Արնաուտի նկատմամբ։

67 կգ քաշային կարգում Գուրգեն Ալեքսանյանը որակավորման փուլում 3։5 հաշվով պարտություն կրեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Էլմեր Յոակին Մատիլայից, որը պարտվեց քառորդ եզրափակիչում։  

Գագիկ Հակոբյանը (82 կգ) որակավորման փուլում 3։4 հաշվով պարտվեց սերբ Բրանկո Կովաչեւիչին, Ալբերտ Եղիկյանը (97 կգ) դարձյալ որակավորման փուլում 9։1 հաշվով պարտություն կրեց իտալացի Լուկա Սվաիկարիից։

Հիշեցնենք, որ առաջինը օրը եզրափակիչ էին դուրս եկել 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանն ու 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը։ Բրոնզե մեդալների համար կգոտեմարտեն 77 կգ քաշային Սամվել Գրիգորյանը եւ 87 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանը։ Այդ գոտեմարտերը տեղի կունենան մայիսի 22–ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում