20:02  ,  21 մայիսի, 2021

Մ23 ԵԱ. Դավիթ Օվասապյանը հաղթեց 9։0 հաշվով եւ դուրս եկավ եզրափակիչ

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Օվասապյանը դուրս եկավ 130 կգ քաշային կարգի եզրափակիչ։

Հայ ըմբիշը կիսաեզրափակիչում գոտեմարտեց Շվեյցարիայի ներկայացուցիչ Դելիան Հոսեյն Ալիշահիի հետ եւ առավելության հասավ 9։0 հաշվով։

Եզրափակիչում Դավիթ Օվասապյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Միխայիլ Լապտեւը, որը 11։0 հաշվով հաղթեց գերմանացի Ֆրանց Ռիխտերին։

Դավիթ Օվասապյանը որակավորման փուլում 4։3 հաշվով պարտության էր մատնել թուրք Ֆաթիհ Բոզկուրթին, քառորդ եզրափակիչում 3։1 հաշվով հաղթել էր Բելառուսի ներկայացուցիչ Իլյա Յուդհիչին։

Հիշեցնենք, որ եզրափակիչ է դուրս եկել նաեւ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, որը կիսաեզրափակիչում հաղթել էր վրացի Լերի Աբուլաձեին։

Եզրափակիչում Հրաչյա Պողոսյանի մրցակիցը կլինի շվեդ Նիկլաս Օհլենը, որը 8։0 հաշվով պարտության մատնեց թուրք Աբդուլկադիմ Սայդամին։

Որակավորման փուլում Հրաչյա Պողոսյանը 3։2 հաշվով պարտության էր մատնել ռուսաստանցի Ռախման Թավմուրզաեւին, քառորդ եզրափակիչում 1։0 հաշվով հաղթել էր ուկրաինացի Մաքսիմ Լիուին։

77 կգ քաշային Սամվել Գրիգորյանը կիսաեզրափակիչում մրցեց ռուսաստանցի Սերգեյ Ստեպանովի հետ եւ պարտվեց 3։8 հաշվով։ Նա կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։

1/8 եզրափակիչում Սամվել Գրիգորյանը 9։0 հաշվով հաղթել էր չեխ Յակուբ Բիելեշին, քառորդ եզրափակիչում նույն հաշվով ուժեղ էր եղել խորվաթ Պավել Պուկլավեչից։

87 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանը կիսաեզրափակիչում գոտեմարտեց վրացի Թեմուրի Չխուասելիձեի հետ եւ պարտություն կրեց 0։8 հաշվով եւ պայքարը կշարունակի բրոնզե մեդալի համար։

1/8 եզրափակիչում Գեւորգ Թադեւոսյանը 2։0 հաշվով հաղթել էր սերբ Մարիո Վուկովիչին, քառորդ եզրափակիչում 8։7 հաշվով՝ խորվաթ Մատեյ Մանդիչին։

55 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը որակավորման փուլում 2։4 հաշվով պարտվել է բուլղարացի Դենիս Կրասիմիրով Դեմիրովին, որը եզրափակիչ դուրս չեկավ։

Մայիսի 22–ին Հայաստանը կներկայացնեն Տիգրան Մինասյանը (60 կգ), Գուրգեն Ալեքսանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ) եւ Ալբերտ Եղիկյանը (97 կգ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English