15:58  ,  18 մայիսի, 2021

«Ջենոայի» ֆուտբոլիստի հայրը հարձակվել է «Ռոմայի» բազայի վրա

Իտալական «Ջենոայի» հարձակվող Ջանլուկա Սկամակայի հայր Էմիլիանոն մայիսի 17-ին ներխուժել է «Ռոմայի» սպորտային կենտրոնի շենք, ինչից հետո ուղևորվել է ավտոկայանատեղի և սկսել վնասել ակումբի աշխատակիցների մեքենաները, հայտնում է Football Italia-ն:

Տուժել են «Ռոմայի» գլխավոր տնօրեն Տյագու Պինտուի, Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչի օգնական Ատիլիո Լոմբարդոյի ու ակումբի տնօրեն Մորգան Դե Սանկտիսի մեքենաները: Մարզաբազայից տարհանվել են «Ռոմայի» պատանի ֆուտբոլիստները, որոնք մարզվում էին միջադեպի պահին:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են Սկամակայի հորը, որը եղել է «Սասուոլոյի» համազգեստով: Ջանլուկա Սկամակայի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Սասուոլոյին», և նա վարձավճարով է խաղում «Ջենոայում»: Իտալացի ֆուտբոլիստի հոր ագրեսիվ վարքի պատճառները դեռ հայտնի չեն:

Ջանլուկա Սկամական «Ռոմայի» ակադեմիայի սան է: 2012-ին նա «Լացիոյից» էր տեղափոխվել «Ռոմա»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում