Ֆուտբոլի 1978թ. աշխարհի առաջնության չեմպիոն և լավագույն ռմբարկու Մարիո Կեմպեսն այցելել է Երևանի «Ուրարտու»։ Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստը շրջայց է կատարել մարզաբազայի տարածքով, ծանոթացել ակումբի ենթակառուցվածքներին։ Կեմպեսը զրուցել է նաև ակադեմիայի ղեկավարության հետ, ողջունել պատանի ֆուտբոլիստներին։
«Նման փոքր պետության համար «Ուրարտուն» իսկապես լավ պայմաններ ունի։ Ինձ ասացին, որ այստեղ մարզվում է մոտ 900 երեխա, որոնց թվում աղջիկներ էլ կան։ Եթե կան նման պայմաններ, ապա հայկական ֆուտբոլը վաղ թե ուշ առաջընթաց է գրանցելու»,- Մարիո Կեմպեսի խոսքը մեջբերում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Մարիո Կեմպեսը եռօրյա այցով Հայաստան է ժամանել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրավերով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում