16:02  ,  17 մայիսի, 2021

Հայաստանը 7 ծանրորդ կունենա երիտասարդական ԱԱ-ում

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մայիսի 23-31-ը կանցկացվի ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որտեղ Հայաստանը կունենա 7 ներկայացուցիչ, հաղորդում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։

Տղամարդկանց պայքարում հանդես կգան Գոռ Սահակյանը (67 կգ), Կարեն Մարգարյանը, Սուրեն Գրիգորյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ) և Պետրոս Պետրոսյանը (102 կգ), իսկ կանանց մրցաշարում մրցահարթակ դուրս կգան Միլենա Խաչատրյանը (71 կգ) և Լիանա Գյուրջյանը (81 կգ):

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Մելիք Ղուկասյանի խոսքով, կազմն ընտրելիս հաշվի են առել Հայաստանի առաջնության արդյունքները.

«Մասնակցելու ենք ուժեղագույն կազմով: Վերջին շրջանում անցկացրած ուսումնամարզական հավաքները տվել են դրական արդյունք՝ ծանրորդները հասել են ցանկալի մարզավիճակի: Բոլորն իրենց հնարավորությունների չափով պատրաստվել են առաջնությանը, բայց, ամեն դեպքում, ուժեղագույնին ցույց կտա մրցահարթակը: Ես միայն վստահեցնում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»,- ասել է մարզիչը։

ԱԱ-ից հետո երիտասարդ ծանրորդները կսկսեն նախապատրաստվել սեպտեմբերին կայանալիք Եվրոպայի 20-23 տարեկանների առաջնությանը, որին թիմը կմասնակցի ընդլայնված կազմով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում