00:37  ,  16 մայիսի, 2021

Մխիթարյանի գոլը «Ռոմային» օգնեց հաղթել Հռոմի դերբիում (վիդեո, ֆոտո)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության նախավերջին՝ 37-րդ տուրում «Ռոման» Հենրիխ Մխիթարյանի գոլի օգնությամբ 2:0 հաշվով հաղթեց «Լացիոյին», որին առաջին շրջանում պարտվել էր խոշոր հաշվով (0:3):

Հռոմի դերբիի առաջին խաղակեսն անցնում էր հավասար պայքարում: Հայաստանի ազգային հավաքականի ավագը խաղի հաշիվը բացեց 42-րդ րոպեին (տեսանյութ): Դա 32-ամյա Մխիթարյանի 12-րդ գոլն էր Իտալիայի ընթացիկ առաջնությունում, որտեղ նա դարձել է նաև 11 գոլային փոխանցման հեղինակ: Եվրոպայի թոփ-5 առաջնություններում (Անգլիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա) նա սահմանեց անձնական ռեկորդ՝ առաջին անգամ 12 գոլ խփելով մեկ մրցաշրջանում:

«Ռոմայի» երկրորդ գոլը 78-րդ րոպեին խփեց փոխարինման դուրս եկած իսպանացի կիսապաշտպան Պեդրո Ռոդրիգեսը:

Հենրիխ Մխիթարյանը հանդես եկավ առանց փոխարինման և գոլի հեղինակ դարձավ երրորդ խաղում անընդմեջ: A Սերիայի նախորդ 2 տուրերում նա աչքի էր ընկել նաև «Կրոտոնեի» (5:0) ու «Ինտերի» դեմ խաղերում (1:3):

«Ռոման» 61 միավորով 7-րդ տեղում է, իսկ 67 միավոր հավաքած «Լացիոն» 6-րդն է:

Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր

«Ռոմա» - «Լացիո»՝ 2:0 (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյան, 42, Պեդրո Ռոդրիգես, 78

Հեռացում՝ Ֆեդերիկո Աչերբի, 88 («Լացիո»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում