12:18  ,  16 մայիսի, 2021

Զոդում անցկացվեց Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված հուշամրցաշար (ֆոտո)

Արարատում երեխաներն ու պատանիները նվիրված են ըմբշամարտին, ամեն օր հաճախում են մարզումների եւ արդեն ունեն Հայաստանի առաջնության առաջին  մասնակիցը: Հուշամրցաշարով պատանիներն ու ապագա զինվորներն իրենց շնորհակալությունն են հայտնել պատերազմում նահատակված հերոսներին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Զոդի բանավանի մարզիչ, նախկին ըմբիշ Ավետիս Ալեքսանյանը, որի նախաձեռնությամբ Արարատի մարզի Զոդ գյուղում անցկացվեց Արցախյան հերոսներին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշար:

Դեռեւս երկու տարի առաջ գյուղի միակ մարզադահլիճը կանգնած էր փակվելու խնդրի առաջ՝ ֆինանսական աջակցություն չստանալու, մարզիչի չվարձատրվելու պատճառով:

NEWS.am Sport-ն անդրադարձել էր Զոդ գյուղում ըմբշամարտով զբաղվող երեխաների եւ անվճար հիմքերով մարզչություն անող Ավետիս Ալեքսանյանի խնդրի մասին: 

Այսօր մարզադպրոցն ունի 60 սան, 2021 թվականին առաջին անգամ նաեւ ունեցել է պատանիների Հայաստանի առաջնության մասնակից:

«Հուշամրցաշարը նվիրված է մեր զորամասի զոհված զինվորների հիշատակին: Ներկա էին հերոսների ծնողները հարազատները: Մասնակցեց թվով 200 երեխա Արագածոտնի մարզից, Կոտայքից, Սյունիքից, Երեւանից: Հաղթողներ ճանաչվեցին Սոս Թովմասյանը՝ 29 կգ, Արսեն Հակոբյանը՝ 32 կգ, Գոռ Եղյան՝ 35 կգ, Աշոտ Գյուլնազարյան՝ 38 կգ, Արմեն Միքայելյան՝42 կգ, Գոռ Բունաթյան՝ 45 կգ, Աղվան Բոստանջյան՝ 48 կգ,  Գեղամ Պետրոսյան՝ 51 կգ, Վլադիմիր Խաչատրյան՝ 55 կգ, Հոմբերտ Ռոստոմյան՝ 60 կգ, Սամվել Պետրոսյան՝ 65 կգ եւ Նշան Հովեսփյան՝ 70 կգ:

«60 երեխա զբաղվում է ըմբշամարտով: Փողոցից կտրված են, ամեն ինչ անում ենք, որ հասնեն բարձր արդյունքների, դառնան պիտանի մարդ ու լավ զինվորներ մեր հայրենիքի համար: Այժմ էլ խնդիր ունենք մարզիչի. ես ֆիզիկապես չեմ հասցնում բոլորի հետ աշխատել: Դեռ էլի շատ են եկողները, ուզում են մարզվեն, բայց ես չեմ հասցնում միայնակ 60 երեխայի հետ աշխատել: Խնդրում եմ եւս մեկ հաստիք տրամադրել, մեկ մարզիչ էլ գա աշխատի, ինձ օգնի՝ այս երեխաներին հասցնենք իրենց նպատակներին:

Շատ լավ սերունդ ունենք: Արդեն մասնակցել ենք 2021 թվականի Հայաստանի պատանեկան առաջնությանը: Ճիշտ է՝ մրցանակային տեղ զչզբաղեցրինք, բայց նրանք բոլորն էլ ապագա չեմպիոններն են: Հուշամրցաշար անցկացնելու նպատակը մեր երեխաների հաղթանակներով շնորհակալություն հայտնելն էր զոհված հերոսներին, նրանց ծնողներին հայրենիքը պաշտպանելու համար»,- ասաց Ավետիս Ալեքսանյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում