14:01  ,  14 մայիսի, 2021

Մխիթարյանը «Ռոմայում» իր ապագայի վերաբերյալ պետք է որոշում կայացնի մինչև մայիսի 31-ը

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իտալական «Ռոմայում» իր ապագայի վերաբերյալ պետք է վերջնական որոշում կայացնի մինչև մայիսի 31-ը:

Il Tempo-ն գրում է, որ 32-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի կետերից մեկի համաձայն՝ նա «Ռոմայից» հեռանալու համար ժամանակ ունի մինչև մայիսի 31-ը: Հակառակ դեպքում նա պետք է երկարաձգի գործող պայմանագիրը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայում» իր ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելուց առաջ ցանկանում է զրուցել թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, որի հետ աշխատել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»: Նշվում էր, որ պորտուգալացի մասնագետը դեմ չէ աշխատել հայ ֆուտբոլիստի հետ:

Հիշեցնենք, որ Մխիթարյանի ու «Ռոմայի» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրա ծառայություններով հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսը» և Ռուսաստանի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»:

Հայ կիսապաշտպանը Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է 18 ամիս (2016-2018-ը) և նվաճել 3 տիտղոս, այդ թվում՝ 2017-ին դառնալով Եվրոպայի լիգայի հաղթող:

Մխիթարյանը 2020 թվականի սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Ռոմա», որի կազմում Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 32 խաղի և դարձել 11 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ:

Հայաստանի հավաքականի ավագը նախկինում հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016) և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English