16:42  ,  12 մայիսի, 2021

ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել «Ռեալի», «Յուվենտուսի» ու «Բարսելոնայի» նկատմամբ

ՈւԵՖԱ-ն եվրոպական Սուպերլիգայի գործով հետաքննություն է սկսել Մադրիդի «Ռեալի», Թուրինի «Յուվենտուսի» և կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Կարգապահական գործը բացվել է ՈւԵՖԱ-ի չափորոշիչային բազայի կանոնները խախտելու կասկածանքով: Նշանակվել են կարգապահական ու էթիկայի հանձնաժողովի տեսուչներ, որոնք կզբաղվեն այդ հարցով:

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտնել էր, որ պատրաստվում է առաջարկել 2 տարով եվրագավաթներից հեռացնել այն ակումբներին, որոնք դեռ չեն հրաժարվել Սուպերլիգայի մասնակցությունից:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին եվրոպական 12 առաջատար ակումբներ պաշտոնապես հայտնել էին ֆուտբոլի Սուպերլիգայի ստեղծման մասին, սակայն 2 օր անց կազմակերպիչները հայտարարեցին մրցաշարի ժամանակավոր դադարեցման մասին: Սուպերլիգայի հիմնադիրներն էին իտալական «Միլանը», «Ինտերը», «Յուվենտուսը», իսպանական «Բարսելոնան», «Ռեալը», «Աթլետիկոն», անգլիական «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:  Սուպերլիգայի մասնակցությունից այս պահին հրաժարվել են 7 թիմեր՝ «Արսենալը», «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Տոտենհեմը» և Մադրիդի «Աթլետիկոն»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English