22:45  ,  8 մայիսի, 2021

Լևոն Արոնյան. Իմ հեռանալը կսթափեցնի բոլոր պատասխանատուներին (ֆոտո)

Ես այն տարիքում չեմ, որ այսօր մի որոշում կայացնեմ, իսկ վաղը փոխեմ: Իմ հեռանալը կսթափեցնի բոլոր պատասխանատուներին, որպեսզի մյուս շախմատիստների նկատմամբ լինի ճիշտ վերաբերմունք, մարզաձեւն ունենա լուրջ պետական աջակցություն: Հետդարձի ճանապարհի մասին չեմ մտածում, բայց իմ կապը Հայաստանի եւ հայկական շախմատի հետ երբեք չի կտրվի: Ես կլինեմ մաքսիմալ ակտիվ հայկական շախմատում:

Այս մասին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցած դասախոսության ընթացքում ասաց Հայաստանի հավաքականի կազմում Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր Լեւոն Արոնյանը՝ պատասխանելով Հայաստանից հեռանալու մասին հարցին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Մայիսի 8-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը Լեւոն Արոնյանի եւ նրա ընկերուհու՝ Անիտա Այվազյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ երկու հագեցած հանդիպում՝ երեխաների ու պատանիների, երիտասարդների ու մեծահասակների հետ: Երկու դեպքում էլ Երեւանի շախմատի տան դահլիճը լեփ-լեցուն էր: Լեւոն Արոնյանին լսելու, հարցեր ուղղելու, գրոսմայստերի հետ անձամբ շփվելու էին եկել շախմատի սիրահարներ, ապագա եւ գործող շախմատիստներ: Երեխաների հետ հանդիպմանը Լեւոնը պատմեց իր շախմատիստի պատմությունը, խորհուրդներ տվեց՝ ինչպես դառնալ լավ շախմատիստ եւ հակիրճ դասախոսություն կարդաց սկսնակ խաղացողների համար:

Մեծահասակների հետ հանդիպումն ավելի մասնագիտական էր եւ խոսվեց պրոֆեսիոնալ շախմատի մասին: Արոնյանը նախ դասախոսություն կարդաց սկզբնախաղի կարեւորության, խաղային դիրքերի, Ֆիշերի շախմատի մասին: Առանձին դրվագներով կիսվեց իր փորձով, խոսեց հայկական շախմատի, Հայաստանի հավաքականի անդամների եւ համաշխարհային շախմատիստների հետ իր պարտիաների ու աշխատանքի մասին:

«Հայաստանի հավաքականի թիմային հաջողությունները մեր տարիներին կապված էին նրա հետ, որ ես ու Գաբրիել Սարգսյանն աշխատում էինք իրար հետ, շատ մտքեր էին տալիս: Կային շախմատիստներ, որ հրաշալի խաղում էին, բայց աշխատող չէին: Օրինակ՝ Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը շատ տաղանդավոր, պայքարող են, բայց գիտելիքները նրանց մոտ այդքան շատ չէր: Երբ ես ու Գաբրիելը միացանք թիմին, զգացինք՝ սա այն պահն է, որ կարող ենք փորձել: Մեր հին թիմերը մտնում էին հնգյակ, եռյակ,  բայց հաղթանակի մասին երբեք չէին մտածում: Ես մտածում էի՝ կարող է այդպիսի մի բան լինի, որ մենք հաղթանակներ ունենանք: Այն ժամանակ պետությունը, ֆեդերացիան՝ Սերժ Ազատիչի գլխավորությամբ շատ ակտիվ էր: Մեզ խոստանում էին մեծ բաներ, եթե առաջին տեղը գրավեինք: Մարդը կարող է լինել հայրենասեր ու նվիրված իր գործին, բայց երբ կողքից ասում են՝ եթե դու ամեն ինչդ տաս ու հասնես հաջողության, ընտանիքիդ կարողանալու ես լավ պահել, շատ կարեւոր է իմ կարծիքով:

Ես մեծացել եմ Գաբրիել Սարգսյանի հետ: Նրա մեջ շատ ուժեղ կամք կա: Վստահ կարող եմ ասել, որ Գաբրիելն է ինձ դարձրել ուժեղ շախմատիստ: Երբ գնում էինք մրցաշարի, ինձ համար այն շատ թեթեւ, զվարճալի մի բան էր: Ես վայելում էի այդ օրերը, տղաներին էի տեսնում, խաղում էինք, հավես էր անցնում, բայց Գաբրիելի համար, զգում էի, որն շատ ծանր է անցնում այդ մրցաշարը: Նա իր բնավորությամբ այդքան տակտիկ չէ, ավելի շատ ստատեգիական է խաղում, այդ պատճառով միշտ լարվում էր, որ ոչինչ բաց չթողնի: Իմ ոճն ավելի թեթեւ էր: Երեւի, դա խանգարեց Գաբրիելին, այլապես, իմ կարծիքով, իր շախմատային մտածողությամբ ու տաղանդով Գաբրիելը պետք է աշխարհի 20-յակում լիներ»,- ասաց գրոսմայստերը:

Հարցին՝ կվերադառնա հետ, եթե Հայաստանում շախմատի նկատմամբ վերաբերմունքը փոխվի, Լեւոն Արոնյանը կտրուկ պատասխանեց.

«Ես այն տարիքում չեմ, որ այսօր մի որոշում կայացնեմ, վաղը փոխեմ միտքս: Մի քիչ լուրջ եմ վերաբերվում իմ քայլերին: Մտադրություն ունեմ  շատ ակտիվ լինել Հայաստանում շախմատի մեջ: Մինչեւ մի բանը չի կորում, չեն կարողանում դա գնահատել եւ վերանայել: Ուզում եմ, որ իմ գնալը լինի այն հիմքը, որ շախմատը զարգանա Հայաստանում, մեր տաղանդավոր երիասարդներին փորձեն հասցնել բարձրունքների: Մեծ հույսեր ունեմ, որ իմ գնալը կսթափեցնի, իսկ իմ մնալը հաստատ չէր սթափեցնի: Այդ պարագայում ես ինձ կզգայի պնդաճակատ եւ ուրիշներն էլ այդպես կմտածեին իմ մասին:

Ես գնում եմ այլ երկիր, բայց չեմ կտրելու իմ կապը հայրենիքիս հետ: Ես որոշումը կայացրել եմ եւ այդքանից ավելի ոչինչ չունեմ ասելու: Չեմ ուզում ոչ ուրիշ երկիր գնալ, ոչ ուրիշ ազգի մեջ ապրել, ոչ ուրիշ լեզվով խոսել, հեչ չեմ ուզում, բայց ստիպված եմ»,- ընդգծեց Լեւոն Արոնյանը:

Հայկական շախմատի առաջատարը նաեւ պատմեց համաշխարհային շախմատում իր մտերիմ ընկերների, մասնավորապես, շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարով մասին:

«Կասպարովի հետ լավ հարաբերությունների մեջ ենք, շատ ենք խաղացել, շփվել: Մի անգամ Կասպարովին մրցաշարի էի հրավիրել Արցախ, բայց այդպես էլ չստացվեց: Շատ կուզեի մի օր Արցախը նորից ազատենք եւ վերադառնանք այնտեղ»,- նշեց Լեւոն Արոնյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեւոն Արնոյանը հայտնել էր, որ ծրագրում է օգոստոսին տեղափոխվել ԱՄՆ: Հայկական շախմատի առաջատարը այս տարվա փետրվարի 26-ին ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել էր Հայաստանից հեռանալու եւ առաջիկայում ԱՄՆ հավաքական տեղափոխվելու որոշման եւ դրանց պատճառների մասին: Հայ գրոսմայստերը դեռ չի ներկայացնում ԱՄՆ-ը եւ մրցաշարերում հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ