15:53  ,  8 մայիսի, 2021

Սոֆիա. Արմեն Մելիքյանը և Կարեն Ասլանյանը 1/4 եզրափակիչում են

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվող Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարում մայիսի 8-ին պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականն ունի 4 ներկայացուցիչ՝ Արմեն Մելիքյան (60 կգ), Կարեն Ասլանյան (67 կգ), Արթուր Շահինյան (87 կգ) և Դավիթ Օվասապյան (130 կգ):

Արմեն Մելիքյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ ժամանակից շուտ 10:0 հաշվով հաղթեց մեքսիկացի Սամուել Միգուերասին: 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը դարձյալ ժամանակից շուտ 9:0 հաշվով ուժեղ գտնվեց լիտվացի Յուստաս Պետրավիցիուսից: Կիսաեզրափակիչի ուղեգիրը Մելիքյանը կվիճարկի ռումինացի Ռազվան Արնաուտի հետ:

Կարեն Ասլանյանը մեկնարկեց 1/8 եզրափակիչից՝ 8:0 հաշվով վստահ հաղթանակ տանելով նորվեգացի Մորտեն Թորեսենի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում նա ուժերը կչափի Ղրղզստանը ներկայացնող Ամանտուր Իսմայիլովի հետ:

Արթուր Շահինյանը որակավորման փուլում 8:0 հաշվով հաղթեց մոլդովացի Գաբրրիել Լուպասկոյին, իսկ 1/8 եզրափակիչում պարտվեց շվեդ Քրիստոֆեր Բերգին (1:1):

Դավիթ Օվասապյանը որակավորման փուլում չկարողացավ հաղթահարել ուկրաինացի Միկոլա Կուչմիի արգելքը՝ 0:2:

Սոֆիայի մրցաշարում Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճում միայն եզրափակիչ դուրս եկած ըմբիշները:

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Սոֆիայում հանդես էին եկել Արման Անդրեասյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), որոնք հաջողության չէին հասել:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր ունեն Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ), իսկ հունահռոմեականների թիմից՝ Կարապետ Չալյանը (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում