15:38  ,  8 մայիսի, 2021

Լեւոն Արոնյանը պատմել է, թե երբ կտեղափոխվի ԱՄՆ (ֆոտոշարք)

Շախմատի Հայաստանի հավաքականի կազմում Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր Լեւոն Արոնյանը Հայաստանից կհեռանա այս տարվա օգոստոսին: Այդ մասին 38-ամյա գրոսմայստերը հայտնեց լրագրողների հետ զրույցում, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մայիսի 8-ին մեկնարկել է հանդիպում Լևոն Արոնյանի հետ: Հանդիպման նախաձեռնողներն են Արոնյանը և նրա ընկերուհի Անիտա Այվազյանը:

Պատանի շախմատիստների հետ հանդիպմանը հայ գրոսմայստերը հանդես կգա դասախոսությամբ, իսկ վերջում կպատասխանի հանդիսատեսի հարցերին: ԱՄՆ տեղափոխությունից առաջ Արոնյանը ցանկանում է հնարավորությունների չափով իր փորձը փոխանցել ապագա շախմատիստներին: Հանդիպման մեկնարկից առաջ նա խոսեց նախաձեռնության նպատակի եւ ԱՄՆ տեղափոխվելու ծրագրերի մասին:

«Տեղափոխությունս, երեւի, տեղի կունենա օգոստոսին, երբ վերջացնեմ մրցաշարերս Եվրոպայում: Այս ընթացքում մրցաշարերը շատ են, այդ պատճառով հնարավորություն չի լինում շատ հանդիպումներ ունենալ երեխաների, ապագա շախմատիստների հետ: Քանի որ այլևս չեմ ապրելու Երեւանում, ես եւ Անին որոշեցինք կազմակերպել նման հանդիպում, որտեղ ես երեխաներին շախմատի մասին կպատմեմ, կկիսվեմ իմ փորձով, իմ գիտելիքներով:

Ժամեր անց նման հանդիպում կանցկանցնեմ նաեւ երիտասարդների եւ մեծահասակների հետ: Այս նախաձեռնությունն ինձ կօգնի զգալ, որ իմ գործը Հայաստանի շախմատում շարունակվում է: Այնպես չի լինելու, որ ես Հայաստանից մեկնեմ ու ձեռքս բաց թողնեմ հայկական շախմատի վրայից, բայց հասկանալի է, որ ամեն օր չեմ կարող լինել շախմատի տանը: Խորհուրդներ կտամ, հարց ու պատասխան կունենանք»,- ասաց գրոսմայստերը:

Լեւոն Արոնյանի հետ հանդիպմանը ներկա էին մեծ թվով պատանի շախմատիստներ, երեխաներ, որոնք սիրում եւ խաղում են շախմատ: Հանդիպումն առանց ծնողների էր եւ անցնում է ջերմ մթնոլորտում: Նախքան շախմատի դասախոսությանն անցնելը նա պատմեց իր շախմատային կյանքի պատմությունը, եւ թե ինչպես փոքրիկ Լեւոնը սիրեց շախմատն ու դարձավ շախմատիստ:

«Երեւանի շախմատի տունն ինձ համար ասես մի սուրբ վայր լինի: Տիգրան Պետրոսյանի «աչքի տակ» շախմատ խաղալն իմ ամենասիրելի զբաղմունքն է եղել: Փոքր տարիքում բախտս շատ է բերել: Ընտանիքի երկրորդ երեխան էի: Մայրս նվիրված էր իր երեխաներին եւ փորձում էր լավագույնը սովորեցնել մեզ: Այդպես ծնողներս որոշել էին, որ քույրս պետք է երաժիշտ դառնա: Շատ էին տանջում նրան, իսկ քույրս չուզելով էր զբաղվում երաժշտությամբ: Այդ զգացողությունն իմ մեջ պահպանվել է. հիշում եմ, որ նա չէր ուզում մարզվել, բայց ծնողներս ցանկանում էին: Արդյունքում՝ քույրս երաժիշտ չդարձավ: Այդ իրավիճակը դրական անդրադարձ ունեցավ ինձ համար: Հենց այստեղ էր բախտս բերել, որ ես երկրորդ երեխան էի: Ծնողներս ինձ արդեն չէին տանջում, եւ ես զբաղվում էի այն ամենով, ինչը սիրում էի: Իսկ ես սիրում էի շախմատ, լարվածություն ինձ վրա չէի զգում: Փոքր տարիքում շատ է հանդիպում, երբ ծնողները երեխաներին ասում են՝ սա անպայման պետք է անես, բայց երեխան չի ուզում անել: Ես նման խնդրի առաջ չեմ կանգնել: Մեծ հաճույքով խաղում էի: Շախմատի առումով էլ է իմ բախտը բերել: Մարզիչս շատ ուժեղ էր: Ապրում էր մեր տանը: Շատ էի մարզվում, շատ արագ ուժեղացա»,- պատմեց Լեւոն Արոնյանը:

Արոնյանը երեխաներին խորհուրդ տվեց լավ շախմատիստ դառնալու համար նվիրվել:

«Եթե դուք որոշել եք շախմատիստ դառնալ, պետք է իմանաք, որ շախմատը տրամաբանության մի մասն է: Շախմատում չկա նման իրավիճակ, որ պահի տակ մի բան թռցնես, մրցակիցը չնկատի ու դու հաղթես: Շախմատում հաղթում է այն մարդը, որը նվիրված է, ժամերով մարզվում է, խաղի ժամանակ չի թուլանում: Եթե ոմանք էլ շախմատիստ չդառնան, միեւնույն է՝ շախմատը շատ է օգնելու կյանքում ճիշտ քայլել: Ինձ այն սովորեցրել է տեսնել սեփական սխալներս եւ ընդունել դրանք, փորձել մրցման մեջ ոչ մի սայթաքում չունենալ. նույն էլ կյանքում է»,- նշեց Լեւոն Արոնյանը:

Հիշեցնենք, որ հայկական շախմատի առաջատարը այս տարվա փետրվարի 26-ին ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել էր Հայաստանից հեռանալու եւ առաջիկայում ԱՄՆ հավաքական տեղափոխվելու որոշման եւ դրանց պատճառների մասին: Հայ գրոսմայստերը դեռ չի ներկայացնում ԱՄՆ-ը եւ մրցաշարերում հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո:

Մայիսի 8-ին՝ ժամը 17:00-ից, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կմեկնարկի Լեւոն Արոնյանի հանդիպումը երիտասարդների եւ մեծահասակների հետ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս