10:35  ,  7 մայիսի, 2021

Ազարը ներողություն է խնդրել «Ռեալի» երկրպագուներից

Մադրիդի «Ռեալի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը ներողություն է խնդրել ակումբի երկրպագուներից, որոնց զայրույթն էր առաջացրել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում իր նախկին ակումբ Լոնդոնի «Չելսիից» կրած նվազագույն հաշվով պարտությունից ու մրցաշարից դուրս մնալուց հետո: Հանդիպման վերջում Ազարը բարձր տրամադրությամբ ու ծիծաղելով հաղորդակցվել էր նախկին թիմակիցների հետ, ինչը դուր չի եկել «Ռեալի» ֆանատներին: Նրանք սոցցանցերում ակումբի ղեկավարությանը կոչ էին արել վաճառել բելգիացուն, որն այդ խաղում փոխարինման էր դուրս եկել 89-րդ րոպեին:

«Այսօր բազմաթիվ կարծիքներ կարդացի իմ մասին: Չէի ցանկանում նեղացնել «Ռեալի» երկրպագուներին: Ներողություն եմ խնդրում: Միշտ երազել եմ խաղալ «Ռեալում» և տեղափոխվել եմ այստեղ, որպեսզի հաղթեմ: Մրցաշրջանը դեռ չի ավարտվել: Հիմա բոլորս պետք է պայքարենք Լա Լիգայում հաղթանակի համար»,- Ինստագրամում գրել է բելգիացին:

Հիշեցնենք, որ Ազարը 2019-ի ամռանը «Չելսիից» «Ռեալ» է տեղափոխվել 115 միլիոն եվրոյի դիմաց:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում