17:15  ,  6 մայիսի, 2021

Տուխել. Կարող էինք խփել ավելի շատ գոլեր և ավելի շուտ ապահովել հաղթանակը

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակից ու եզրափակիչի ուղեգիր նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Մենք արժանի էինք հաղթանակի: Առաջին խաղակեսը բարդ էր: «Ռեալը» վերահսկում էր գնդակը և խնդիրներ ստեղծում մեզ համար, սակայն մեր յուրաքանչյուր մոտեցում մրցակցի դարպասին վտանգ էր պարունակում իր մեջ: Ստացվեց ֆանտաստիկ հանդիպում: Կարող էինք խփել ավելի շատ գոլեր և ավելի շուտ ապահովել հաղթանակը, սակայն հիմա քննադատության ժամանակը չէ: Սա ֆանտաստիկ նվաճում է, շնորհավորանքներս թիմին:

Ֆուտբոլում կարող ես գոլ բաց թողնել ցանկացած պահի: «Ռեալն» առանձնակի վտանգավոր է այդ առումով: Նրանք կարող են գոլ խփել ոչնչից, բայց մենք անցկացրինք հրաշալի հանդիպում:

Դեռ վաղ է խոսել եզրափակիչի մասին, միշտ կարող են լինել վնասվածքներ ու այլ խնդիրներ: Հուսով եմ, որ մենք մրցավայր կմեկնենք ամբողջական կազմով: Գործը դեռ արված չէ»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է BT Sport-ը:

Թոմաս Տուխելն առաջին մարզիչն է, որը 2 տարի անընդմեջ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիր է նվաճում տարբեր թիմերի հետ: Նախորդ տարի 47-ամյա գերմանացի մասնագետը նման հաջողության էր հասել ֆրանսիական ՊՍԺ-ի հետ:

«Չելսին» պատմության առաջին ակումբն է, որի կանանց ու տղամարդկանց թիմերը նույն մրցաշրջանում դուրս են գալիս Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Անգլիական ակումբի ֆուտբոլիստուհիները եզրափակիչում կմրցեն կատալոնական «Բարսելոնայի» հետ:

Բացի այդ, «Չելսին» երրորդ անգամ նվաճում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիր՝ մրցաշրջանի ընթացքում կատարելով մարզչական փոփոխություն: 2007/08 մրցաշրջանում Ժոզե Մոուրինյոյին փոխարինել էր Ավրամ Գրանտը, 2011/12 մրցաշրջանում Անդրե Վիլաշ-Բոաշին փոխարինել էր Ռոբերտո Դի Մատեոն, իսկ այդ մրցաշրջանում Թոմաս Տուխելը նշանակվել էր Ֆրենկ Լեմպարդի փոխարեն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Չելսին» 2 խաղերի արդյունքում (1:1, 1:0) պայքարից դուրս էր թողել «Ռեալին», իսկ պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչ դուրս եկած «Մանչեսթեր Սիթին» ուժեղ էր գտնվել ֆրանսիական ՊՍԺ-ից (2:1, 2:0): Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին Ստամբուլում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ