19:48  ,  5 մայիսի, 2021

Ֆոնսեկա. Մոուրինյոն գերազանց մարզիչ է եւ հրաշալի աշխատանք կկատարի «Ռոմայում»

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մեկնաբանել է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի նշանակումը հռոմեական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում։ Մոուրինյոն Ֆոնսեկային կփոխարինի այս մրցաշրջանի ավարտից հետո։

«Պրոֆեսիոնալիզմը գլխավոր արժեքն է ինձ համար։ Ես լավ եմ, ինչպես եւ «Ռոմայում» նշանակվելուց հետո։ Մոտիվացված եմ եւ ցանկանում եմ անել առավելագույնը թիմի համար, քանի դեռ այստեղ եմ։

Մոուրինյոն գերազանց մարզիչ է եւ հրաշալի աշխատանք կկատարի «Ռոմայում»։ Այս իրավիճակի հետ կապված ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Ես պրոֆեսիոնալիզմով եմ մոտենում այսպիսի իրավիճակներին»,– Ֆոնսեկայի խոսքը մեջբերում է Football Italia–ն։

Մայիսի 4-ին «Ռոման» պաշտոնապես հայտարարել էր, որ այս մրցաշրջանի վերջում թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկային կփոխարինի վերջերս Լոնդոնի «Տոտենհեմից» հեռացված 58-ամյա Մոուրինյոն: Նրա պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ:

Ժոզե Մոուրինյոն ապրիլի 19-ին էր հեռացվել «Տոտենհեմից»: Մարզիչը 2019-ի նոյեմբերից էր գլխավորում անգլիական ակումբը, որը նրա գլխավորությամբ բոլոր մրցաշարերում անցկացրել է 86 հանդիպում, տարել 44 հաղթանակ, կրել 23 պարտություն ու գրանցել 19 ոչ ոքի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում