20:21  ,  1 մայիսի, 2021

«Ուրարտուում» Արթուր Միրանյանի առաջին գոլը հաղթական էր

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության երրորդ տուրից հետաձգված խաղում Երևանի «Ուրարտուն» ընդունեց Գյումրիի «Շիրակին» և հաղթեց նվազագույն հաշվով։ 26-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը, որն առաջին գոլը խփեց «Ուրարտուի» կազմում:

56-րդ րոպեից դաշտի տերերը խաղում էին 10 խաղացողներով, սակայն «Շիրակը» չկարողացավ օգտվել թվային առավելությամբ:

Հանդիպման առաջին հարվածը կատարեց սպորտային մարմնամարզության Եվրոպայի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանը, որն ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, Շվեյցարիայի Բազել քաղաքում հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն:

«Ուրարտուն» 18 խաղից հետո ունի 28 միավոր և 5-րդ տեղում է: 20 հանդիպում անցկացրած «Շիրակը» մրցաշարային աղյուսակը եզրափակում է 12 միավորով:

Հայաստանի առաջնություն, երրորդ տուրից հետաձգված հանդիպում

«Ուրարտու» - «Շիրակ»՝ 1:0

Արթուր Միրանյան, 26

Հեռացում՝ Ռոբերտ Բաղրամյան, 56 («Ուրարտու»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում