17:45  ,  28 ապրիլի, 2021

Հայկական 6 ակումբների շնորհվել են ՈւԵՖԱ-ի արտոնագրեր

Տեղի է ունեցել ՀՖՖ ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը, որի ընթացքում քննության էին դրվել «Ալաշկերտ», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Ուրարտու», «Փյունիկ», «Նոա» և «Շիրակ» ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի՝ ՈւԵՖԱ-ի արտոնագիր ստանալու համար ներկայացված փաստաթղթային փաթեթները: Մարզական համապատասխան որակավորում ստանալու դեպքում այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում մասնակցելու ՈւԵՖԱ-ի 2021/2022թթ․ մրցաշրջանի ակումբային մրցաշարերին, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Քննության դրված ֆինանսական փաթեթների հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել էին համապատասխան ստուգումներ: Դրանց արդյունքները մանրամասնորեն ներկայացվեցին Արտոնագրման բաժնի պետի և ֆինանսական փորձագետի կողմից: Հիմնվելով մասնագետների եզրակացությունների և ստուգման արդյունքների վրա` Արտոնագրման կոմիտեն որոշում կայացրեց ՈւԵՖԱ-ի արտոնագրեր շնորհել թեկնածու 6 ակումբներին:

Ակումբների Արտոնագրման կոմիտեն միաձայն որոշում կայացրեց «Շիրակ ՖԱ» ՀԿ-ին չտրամադրել ՈւԵՖԱ-ի արտոնագիր, քանի որ ակումբը սահմանված ժամկետներում չի ներկայացրել պահանջվող փաստաթղթերը: Կայացած նիստի ընթացքում քննության առնվեց նաև ՈւԵՖԱ-ի կանանց Չեմպիոնների լիգայի արտոնագիր շնորհելու հարցը, ինչն ակումբների կանանց թիմերին հնարավորություն է ընձեռում մասնակցելու 2021/2022թթ. ՈւԵՖԱ-ի կանանց Չեմպիոնների լիգայի մրցաշարին` համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում: Վերոնշյալ արտոնագրի համար դիմած երկու ակումբներն էլ՝ «Ալաշկերտ» ՖԱ-ն և «Հայասա» ՖԱ-ն, բավարարել են բոլոր չափանիշները և ստացել համապատասխան արտոնագիրը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով