11:32  ,  28 ապրիլի, 2021

Հակոբ Սերոբյան. Անմոռուկով պարգեւատրման դուրս գալուց հետո Արթուր Դավթյանին նկատողություն էին արել

Արթուր Դավթյանն անմոռուկով պարգեւատրման դուրս գալու համար նկատողություն էր ստացել: Ասել էին՝ հանկարծ հենացատկի եզրափակիչից հետո պատվո հարթակ անմոռուկով դուրս չգաս, բայց Արթուրը հաստատակամ որոշել էր կրկնել՝ եթե նույնիսկ մեդալը հետ վերցնեին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, որի գլխավորությամբ նախորդ գիշեր Հայաստանի թիմը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է հայրենիք, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում Հայաստանի առաջատար մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, հռչակվեց նժույգ թափեր վարժության Եվրոպայի չեմպիոն։ Դավթյանը պարգեւատրման դուրս եկավ ցեղասպանությունը խորհրդանշող անմոռուկով:

«Սպորտային մարմնամարզության մակարդակն այսօր այնպիսին է, որ եթե գնում ենք Եվրոպայի առաջնության եւ մեդալների ակնկալիք չունենք, ավելի լավ է՝ չգնանք: Ես ասել էի, որ եթե ոսկե մեդալ նվաճենք, հերոսություն կլինի: Պատերազմից հետո այս հաղթանակն ուրիշ է: Այսպիսի զգացողություններ անձամբ ես, երբեք չեմ զգացել: Կրկնակի պատասխանատվություն է՝ պատերազմից հետո ներկայացնել Հայաստանն ու մեդալ նվաճել: Մի քանի հանգամանքներ կային, որ մենք պարտավորված էինք մեդալ նվաճել, հաղթել. Եվրոպական ֆեդերացիայի նախագահն է ադրբեջանցի, այնտեղ մեզ շրջապատող ամեն ինչ ադրբեջանական էր, սպասարկող անձնակազմն ադրբեջանցիներ էին եւ մենք այնպայման պետք է մեդալ նվաճեինք: Ես տղաներին ասել էի՝ սա է մեր կռիվը ու մենք պետք է ամենքս մեր ոլորտում հաղթենք: Որակավորման փուլից հետո արդեն հաղթել էինք, որովհետեւ ունեինք եզրափակիչի 5 մասնակից:

Այնքան լավ էինք մեզ զգում, երբեք այդքան լավ ինձ չէի զգացել: Ունեցել ենք Եվրոպայի առաջնության 3-4 մեդալ, բայց այսքան հպարտ, ուրախ չէինք զգացել: Այն, որ գալիս, խոնարհվում, շնորհավորում էին, մենք էլ գլուխներս բարձր, հպարտ շրջում էինք, ամեն ինչ արժեր: Մեդալ լինելու էր, գիտեինք, բայց ոսկե մեդալն անսպասելի էր, քանի որ պատրաստ չէինք: Երկու ամիս գրեթե չմարզվեցինք: Ինձ համար մեդալների արժեք ունի նաեւ նժույգ թափեր վարժությունում Գագիկ Խաչիկյանի 4-րդ տեղը եւ օղակների վարժությունում Արթուր Ավետիսյանի 4-րդ տեղը: Տղաներից բոլորից գոհ եմ: Հետվիրահատական ցավեր ունեին Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը ոտքի խնդիր ուներ, բայց ամեն մարզմանը ասում էր՝ ամեն ինչ նորմալ է: Փաստորեն նորմալ չէր:

Արթուր Դավթյանի անմոռուկով պարգեւատրվելը հետո խնդիր էր առաջացրել: Հաջորդ օրը՝ հենացատկի վարժությունից առաջ մոտեցել էին Արթուրին, նկատողություն արել եւ ասել, որ մեդալ նվաճելու դեպքում պարգեւատրման դուրս գալիս հանկարծ անմոռուկով չլինի: Արթուրն ասաց, որ եթե մեդալ նվաճի, նորից է փակցնելու անմոռուկը, մինչեւ անգամ եթե մեդալը հետ վերցնեն, միեւնույն է փակցնելու է: Ուղղակի հպարտ եմ, որ այսպես հայրենասեր, հայ ազգին սիրող տղա կա: Առաջին անգամ եմ ասում՝ շնորհակալություն տղաներին, որ ամեն ինչ մոռացան, դրեցին մի կողմ եւ արեցին իրենց ուժերից ավելին: Տպավորված եմ, ուրախ եմ: Ինձ թվում է այսպիսի տպավորություններ ես այլեւս չեմ ունենա»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում