00:01  ,  28 ապրիլի, 2021

Հայաստանի հավաքականն արծաթե մեդալով կվերադառնա գրեփլինգի Եվրոպայի առաջնությունից (ֆոտո)

Գրեփլինգի Հայաստանի հավաքականն առաջին անգամ մասնակցել է Եվրոպայի առաջնությանը, որը անցկացվել է ապրիլի 26-27-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: 9 մարզիկով մրցավայր մեկնած Հայաստանի թիմը ելույթն ավարտել է մեկ արծաթե մեդալով, թեև մոտ է եղել նաև բրոնզե մեդալներ նվաճելուն:

Մայիս Ներսիսյանը (62 կգ) 3 հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ պարտվել է ու գրավել երկրորդ տեղը: Մայիս Ներսիսյանը նաև թիմի մարզիչների թվում է:

Գրեփլինգի Եվրոպայի առաջնությունն անցկացել է 2 մրցաձևերում՝ Gi (կիմանոյով) և No Gi: Մայիս Ներսիսյանը Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել No Gi մրցաձևում:

Հայաստանի թիմի կազմում հանդես են եկել նաև Գոռ Գրիգորյանը (62 կգ), Վահե Բադալյանը (66 կգ), Ասլան Պողոսյանը (66 կգ), Գեղամ Վարդանյանը (71 կգ), Խաչատուր Թովմասյանը (84 կգ), Արթուր Զաքարյանը (92 կգ), Գոռ Գյունաշյանը (+100 կգ), իսկ կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչն էր Լիլիթ Դանիելյանը (53 կգ):  

Gi մրցաձևում Ասլան Պողոսյանը և Խաչատուր Թովմասյանը մի քանի հաղթանակ տանելուց հետո պարտվել են կիսաեզրափակիչում, այնուհետև պարտություն են կրել նաև բրոնզե մեդալի համար գոտեմարտում: No Gi մրցաձևում բրոնզե մեդալի համար գոտեմարտերում պարտություն են կրել կիսաեզրափակիչ հասած Մայիս Ներսիսյանը, Ասլան Պողոսյանը, Խաչատուր Թովմասյանը և Լիլիթ Դանիելյանը:

Հայաստանի պատվիրակության կազմում մրցավայր են մեկնել նաև նաև գրեփլինգի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանը, գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանը և մրցավար Հրանտ Քոթանջյանը, որը Եվրոպայի առաջնության մրցավարների թվում էր:

Հիշեցնենք, որ Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիան բացվել է այս տարվա սկզբնամասում, իսկ փետրվարի 28-ին անցկացվել էր Հայաստանի առաջնությունը, որին ներկա էին եղել նաև Գրեփլինգի միջազգային կոմիտեի նախագահ Ռիզվան Բոչկաևը և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը: Փետրվարին Հայաստանի ըմբշամարտի և գրեփլինգի ֆեդերացիաները համագործակցության հուշագիր էին ստորագրել: Այդ հուշագիրը հայ մարզիկներին կտա UWW-ի կազմակերպած գրեփլինգի միջազգային մրցաշարերին մասնակցելու հնարավորություն։ Գրեփլինգն ըմբշամարտի ընտանիքի անդամ է, և սովորաբար ըմբշամարտի Եվրոպայի ու աշխարհի առաջնություններից առաջ կամ հետո անցկացվում են գրեփլինգի մրցումներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English