12:43  ,  23 ապրիլի, 2021

Կամո Հովհաննիսյան. Ղազախստանում վարձատրությունը շատ ավելի լավ է, քան Հայաստանում

Ֆուտբոլի Ղազախստանի չեմպիոն «Կայրաթի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը պատմել է, որ ղազախական ակումբում իր ապագայի վերաբերյալ հստակություն դեռ չկա:

«Ղազախստանում ֆուտբոլիստների վարձատրությունը շատ ավելի լավ է, քան Հայաստանում: Նույնիսկ մի շարք եվրոպական երկրներում չեն վճարում այնքան, որքան Ղազախստանում: Հայաստանում չունենք այդպիսի ֆինանսներ, սակայն ունենք լավ բազաներ, ստադիոններ:

Պայմանագրիս ժամկետը լրանում է այս տարի: Դեռ բանակցություններ չեն ընթանում այն երկարաձգելու հարցում: Ունեմ ցանկություն խաղալ լավագույն առաջնություններում: Դեռ չգիտեմ, թե ինչ կլինի հաջորդ տարի: Կարող եմ մնալ կամ հեռանալ: Այս պահին չեմ մտածում այդ մասին, քանի որ այս տարի նպատակներ ունեմ «Կայրաթի» ու Հայաստանի հավաքականի հետ: Եթե հասնեմ դրանց, ապա ամեն բան լավ կլինի»,- Sports True-ի հետ զրույցում ասել է  Կամո Հովհաննիսյանը:

Ղազախստանի ընթացիկ առաջնությունում Կամո Հովհաննիսյանը մասնակցել է 6 խաղի, դարձել 2 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ, ստացել մեկական դեղին ու կարմիր քարտեր: Նա 2019 թվականի վերջնամասում ղազախական «Ժետիսուից» է տեղափոխվել «Կայրաթ»: Դրանից առաջ 28-ամյա ֆուտբոլիստը խաղացել է նաև Երևանի «Փյունիկում» ու բելառուսական «Տորպեդո Բելազում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս