11:22  ,  23 ապրիլի, 2021

Հակոբ Սերոբյանը՝ Շվեյցարիայից. Հպարտ եմ մեր տղաներով, թուրքերից սկսած` բոլորը շնորհավորում էին մեզ (ֆոտո)

Այն, ինչ արեցին այսօր տղաները, վեր էր ամեն տեսակ մեդալային հաղթանակից: Երբեւէ այսպիսի ուրախություն չէի զգացել, երբ թուրքերը մոտենում եւ շնորհավորում էին եզրափակիչի 4 մասնակից ունենալու եւ այսպիսի արդյունքներ գրանցելու համար: Պատերազմից հետո ապրումներն այլ են: Հպարտ եմ: Հաջորդ նպատակը՝ ապրիլի 24-ին մեդալ նվաճելն ու այդ օրը Հայաստանին հաղթանակ նվիրելն է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Շվեյցարիայից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Ապրիլի 21-ին Բազել քաղաքում մեկնարկած սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 5 ներկայացուցիչներից 4-ը դուրս են եկել եզրափակիչ եւ կպայքարեն մեդալների համար:

Հակոբ Սերոբյանը, որը Եվրոպայի առաջնությունում մրցավարական կազմում է, գոհ է իր գլխավորած թիմի մասնակցությունից ու ցույց տված արդյունքներից:

«Հինգ մասնակցից չորսն են եզրափակիչ դուրս եկել, բայց փաստենք, որ 5 եզրափակիչ ենք անցկացնելու՝ Արթուր Դավթյանը՝ հենացատկ ու նժույգ, Գագիկ Խաչիկյանը՝ նժույգ, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը՝ օղակներ: Մեծ տարբերություն է:

Անկեղծ ասած՝ չէի սպասում. ուսերի վնասվածքների խնդիր, հետվիրահատական ցավեր... այդ ամենը ես տեսել եմ: Տղաները մոռացան ամեն տեսակ ցավ ու արեցին իրենց լավագույնը: Չէի պատկերացնում այսպիսի արդյունք: Հայաստանի պես փոքր հնարավորություններ ունեցող երկիրը 5 եզրափակիչի է մասնակցելու, իսկ, օրինակ, Ֆրանսիայի պես երկիրը մեկ եզրափակիչի մասնակից ունի եւ ուրախացել է: Ես տղաներին հենց սկզբից ասել էի՝ մեր կռիվն այստեղ է. պատերազմից հետո մեր կռվելու հերթն է եւ մենք հենց այստեղ պետք է կռիվ տանք:  

Արթուր Դավթյանը ոտքը մի փոքր ցավեցրեց. տեսնենք՝ ինչ կլինի: Գագիկ Խաչիկյանն իր լավագույն արդյունքը ցույց տվեց: Նժույգի վարժությունում լուրջ մրցակիցներ ուներ՝ օլիմպիական, աշխարհի չեմպիոններ: Նա բարձրացավ, գլուխը կախ, առաջին անգամ մեծահասակների կազմում իր վարժությունն արեց, իջավ ու առավելագույնն արեց: Շատ գոհ եմ բոլորից: Տեսնենք՝ ինչպես կդասավորվի եզրափակիչները մեզ համար»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Նշենք, որ Մարմնամարզության եվրոպական ֆեդերացիայի նախագահը ադրբեջանցի Ֆարիդ Գաիբովն է: Հակոբ Սերոբյանի փոխանցմամբ, որակավորման փուլի արդյունքների ամփոփումից հետո բոլորը, այդ թվում եւ թուրքերը, մոտեցել, շնորհավորել են Հայաստանի թիմի փայլուն մրցելույթների համար: 

«Այսօր ինձ այնքան լավ էի զգում. թուրքերից սկսած՝ բոլորը գալիս եւ շնորհավորում էին ու ես հպարտանում էի: Այդքան մեդալներ ենք նվաճել, չեմպիոններ ունեցել, այսքան լավ ինձ չէի զգացել:

Պատերազմից հետո բոլորիս հոգեվիճակն այլ է: Այստեղ մեզ շրջապատողների մեծ մասն ադրբեջանցիներ են, եվրոպական ֆեդերացիայի նախագահն ադրբեջանցի է: Ամեն ինչ ադրբեջանական է՝ սկսած ցուցատախտակներից: Հեռարձակումը նրանց կազմակերպություններն են ապահովում: Ու այս ամենի մեջ ես ինձ լավ էի զգում, որ բոլորը հերթով մոտենում, շնորհավորում են մեզ: Այդքան ադրբեջանցիներով շրջապատված՝ մենք ընկճված չենք, հակառակը: Այսօր մենք հաղթեցինք մեր կռվում: Շնորհակալ եմ տղաներին. նրանք արեցին ամեն ինչ, որպեսզի այս արդյունքներն ունենանք, այս՝ մեր հաղթանակն ունենանք: 

Բոլորն էլ գիտեն՝ ինչ հոգեվիճակում ենք, ինչ է եղել, ինչ է կատարվել պատերազմի օրերին ու որեւէ ոչ ադեկվատ վերաբերմունք, հայացք մեր ուղղությամբ չկա ու չի էլ կարող լինել: Մրցավարներից էլ եմ գոհ, շատ լավ, օբյեկտիվ գնահատեցին մեզ: Նրանցից ոմանք չուզենալով, նախանձով գալիս, շնորհավորում էին ու դա հաղթանակ էր ինձ համար, բոլորիս համար: Ավելի կարեւոր հաղթանակ, քան մեդալները: Մյուս երկրների ներկայացուցիչներն ուրիշ աչքով էին մոտենում՝ մեզ համար անկեղծ ուրախացած ու արդարությունը ճիշտ գնահատելով: Պատերազմից հետո այս ամենն այլ էր՝ այլ զգացողություններով ու ապրումներով: Դեռ այդ տպավորությունների ներքո եմ»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչի խոսքով, թիմի նպատակն այժմ մեդալ նվաճելն է: Եզրափակիչների առաջին օրը ապրիլի 24-ն է՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:

«Պետք է պատրաստվենք շատ կարեւոր օրվա շատ կարեւոր մրցելույթներին: Մենք մրցահարթակ ենք դուրս գալու ապրիլի 24-ին: Այդ օրը տեղի են ունենալու օղակների եւ նժույգի վարժությունների եզրափակիչները եւ մենք ունենք չորս մասնակից: Հիմա արդեն գերնպատակն այդ օրով մեդալ նվաճելն է: Ինձ համար կարեւոր չէ՝ ինչ գույնի մեդալ կլինի, եթե ոսկի լինի, ինչը շատ բարդ է, ուղղակի հրաշալի կլինի: Եթե այդ օրը մենք մեդալ նվաճենք, հերոսություն կլինի:

Այս պահին իմ միակ երազանքն է՝ այդ օրը մեդալ նվաճել Հայաստանի համար: Ու այնպես չէ, որ ինչ-որ մեկը մեզնից պահանջում է, կամ ինչ-որ մեկին ապացուցելու բան ունենք: Սա էլ մեր կռիվն է ու այս կռվում պետք է հաղթենք: Մեր գերնպատակը ազգին ուրախացնելն է. դրանով մենք էլ կուրախանանք: Մեր պահանջատերը մենք ենք՝ ես տղաներից, տղաներն՝ իրենք իրենցից»,- նշեց Հակոբ Սերոբյանը:

Ապրիլի 24-ին օղակների վարժության երզափակիչում մրցահարթակ դուրս կգան Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը, նույն օրը՝ նժույգի վարժությունում մեդալի համար կպայքարեն Արթուր Դավթյանն ու Գագիկ Խաչիկյանը: Ապրիլի 25-ին տեղի կունենա հենացատկի վարժության եզրափակիչը, որտեղ հանդես կգա Արթուր Դավյթանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում