14:35  ,  19 ապրիլի, 2021

ՈւԵՖԱ-ի գործկոմը հաստատել է Չեմպիոնների լիգայի ձևաչափի փոփոխությունը

ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն քվեարկել է Չեմպիոնների լիգայի ձևաչափի փոփոխության օգտին 2024 թվականից, տեղեկացնում է New York Times-ը:

Նոր ձևաչափով Չեմպիոնների լիգային կմասնակցեն 36 ակումբներ՝ 32-ի փոխարեն: Մասնակիցները կխաղան մեկ շրջանով՝ առանց խմբերի բաժանվելու, իսկ 8 լավագույն թիմերը կնվաճեն փլեյ-օֆֆի ուղեգիր: Յուրաքանչյուր թիմ նվազագույնը կանցկացնի 10 հանդիպում և կունենա եկամուտի ավելացում:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին եվրոպական 12 առաջատար ակումբներ պաշտոնապես հայտնել էին ֆուտբոլի Սուպերլիգայի ստեղծման մասին: Սուպերլիգայի հիմնադիրներն են իտալական «Միլանը», «Ինտերը», «Յուվենտուսը», իսպանական «Բարսելոնան», «Ռեալը», «Աթլետիկոն», անգլիական «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: Սպասվում է, որ հիմնադիրներին կմիանան ևս 3 ակումբներ:

Սուպերլիգայի նախագահ է ընտրվել Մադրիդի «Ռեալի» ղեկավար Ֆլորենտինո Պերեսը, իսկ Թուրինի «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին ու «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատեր Ջոել Գլեյզերը կկատարեն կազմակերպության փոխնախագահի պարտականությունները:

Սուպերլիգայի առաջին մրցաշարը նախատեսված է սկսել օգոստոսին: Կմասնակցեն 20 թիմեր, որոնցից 15-ը լիգայի հիմնադիրներն են: Մյուս 5 մասնակիցները կորոշվեն որակավորման փուլի արդյունքում: Յուրաքանչյուր մասնակից մեկ մրցաշրջանում կանցկացնի 218-23 հանդիպում: Հանդիպումները կանցկացվեն շաբաթվա միջնամասում: 20 թիմեր կբաժանվեն 2 խմբերի և հանդիպումներ կանցկացնեն տանն ու հյուրընկալվելիս: Խմբերում 1-3-րդ տեղ գրաված թիմերը կնվաճեն քառորդ եզրափակիչի ուղեգիր: 4-րդ և 5-րդ տեղ գրաված ակումբները կվիճարկեն քառորդ եզրափակիչի մյուս 2 ուղեգրերը: Փլեյ-օֆֆը կանցկացվի 2 դիմակայությամբ, իսկ եզրափակիչը՝ մեկ խաղով:

Սուպերլիգային միանալու համար ակումբները կստանան 350-ական միլիոն եվրո:

Սուպերլիգան նախատեսում է նաև ապագայում ստեղծել կանանց մրցաշար:

ՈւԵՖԱ-ն, Անգլիայի Պրեմիեր լիգան, Իտալիայի A Սերիան ու Իսպանիայի Լա Լիգան հանդես են եկել միասնական հայտարարությամբ և ակումբներին դատապարտել են Սուպերլիգա ստեղծելու համար: ՖԻՖԱ-ն նույնպես հավանություն չի տվել մրցաշարի անցկացմանը:

Սուպերլիգայի հիմնադիրները հայտնել են, որ մտադիր չեն դադարեցնել իրենց ելույթներն ազգային առաջնություններում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English