00:52  ,  14 ապրիլի, 2021

ՉԼ․ «Բավարիան» չհաղթահարեց ՊՍԺ-ի արգելքը, «Չելսին» դուրս թողեց «Պորտուին» (տեսանյութ)

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ու Լոնդոնի «Չելսին» դուրս եկան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։ Փարիզյան թիմը պայքարից դուրս թողեց Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային», անգլիական ակումբը՝ պորտուգալական «Պորտուին»։

Փարիզում տեղի ունեցած պատասխան խաղում Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Բավարիան» առավելության հասավ 1։0 հաշվով։ 40-րդ րոպեին աչքի ընկավ կամերունցի հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգը։

ՊՍԺ-ն Մյունխենում հաղթել էր 3։2 հաշվով եւ մրակցի խաղադաշտում ավելի շատ գոլ խփելու շնորհիվ շարունակում է պայքարը։

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանի եզրափակիչում ՊՍԺ-ն «Բավարիային» պարտվել էր 0։1 հաշվով։

Լոնդոնի «Չելսին» Սեւիլիայում ընդունեց պորտուգալական «Պորտուին» եւ պարտվեց 0։1 հաշվով, սակայն առաջին խաղում տարած 2։0 հաշվով հաղթանակի շնորհիվ դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Ապրիլի 14-ին պատասխան հանդիպումները կանցկացնեն Դորտմունդի «Բորուսիան» ու անգլիական «Մանչեսթեր Սիթին» եւ անգլիական «Լիվերպուլն» ու Մադրիդի «Ռեալը»։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղ

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 0։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 3:2)

Մաքսիմ Շուպո-Մոտինգ, 40

«Չելսի» (Անգլիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 0։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2:0)

 Մեհդի Տարեմի, 90+4

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում