16:25  ,  12 ապրիլի, 2021

Մեդալակիր հայ ծանրորդները՝ Եվրոպայի առաջնության մասին (ֆոտոշարք)

Ծանրամատի Հայաստանի հավաքականը Մոսկվայում ավարտված Եվրոպայի առաջնությունում հաջող մասնակցությունից հետո ապրիլի 12-ին վերադարձավ հայրենիք: «Զվարթնոց» օդանավակայանում հայ ծանրորդները լրագրողների հետ զրույցում ամփոփեց Եվրոպայի առաջնությունը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Սամվել Գասպարյան (102 կգ). «Աննկարագրելի հույզեր ունեմ, չեմ կարող նկարագրել: Հպարտության զգացողություններ ունեի հաղթանակից հետո: Հպարտ եմ, որ կարողացա կիսով չափ նպատակիս հասնել: Ավելի ոգևորող էր, որ երկրորդ տեղում էլ Արսեն Մարտիրոսյանն էր, և երկուսով հաղթեցինք հակառակորդին: 2 տարի ժամանակ ունեինք և այդ ընթացքում թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես լիովին պատրաստվել էինք այս մրցմանը: Ճիշտ է, այս տարվա գլխավոր նպատակն աշխարհի առաջնությունն էր, իսկ սա անցողիկ մրցում էր, որին մասնակցեցինք՝ ցույց տալու մեր արդյունքներն ու պատրաստվածությունը: Մենք ցուցադրեցինք, որ պետք է լուրջ հայտեր ներկայացնենք աշխարհի առաջնությանը:

Ավելացնելու տեղ ունեմ: Եթե նկատեցիք, հրում վարժության երրորդ մոտացմանը չգնացի, և կարող էի կիլոգրամներ ավելացնել արդյունքիս: Դա չարեցի վնասվածքից խուսափելու համար, որպեսզի ուժերս չսպառեի, ինչպես նաև տակտիկական քայլ էր:

Քաշային կարգի փոփոխության մասին անպայման մտածում եմ: Վաղուց էի մտածել այդ մասին, պարզապես այս պահին անիմաստ է բարձրանալ օլիմպիական քաշ: Օլիմպիական խաղերից հետո, միանշանակ, կփոխեմ քաշային կարգը, որպեսզի պայքարեմ հաջորդ Խաղերին մասնակցելու համար»:

Կարեն Ավագյան (89 կգ). «Շատ լավ տպավորություններ ունեմ: Անհամբեր սպասում եմ ընտանիքիս հետ հանդիպմանը: Շատ լավ էի պատրաստվել, սպասված հաղթանակ էր: Եվրոպայի առաջնությունից հետո կպատրաստվեմ հաջորդ մրցումներին: Հույս ունեմ, որ այս տարի կանցկացվի նաև մեծահասակների աշխարհի առաջնություն»:

Գոռ Մինասյան (+109). «Ինչպես մարզվել էինք, այնպես էլ մասնակցեցինք: Շատ լավ մարզավիճակում էինք ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես: Մրցահարթակը ցույց տվեց մեր մարզավիճակն ու պատրաստվածությունը: Վարազդատ Լալայանի ելույթները նորմալ եմ գնահատում, քանի որ նրա առաջին մրցումն էր մեծահասակների պայքարում: Նա արժանի հետնորդ է, քանի որ կիլոգրամներով արդեն շատ մոտ է ինձ: 1-2 տարուց շատ լուրջ մրցակցություն է լինելու այնպես, ինչպես իմ ու Ռուբեն Ալեքսանյանի միջև էր»:

Արսեն Մարտիրոսյան (102 կգ). «Մեդալը սպասված էր, քանի որ շատ երկար ժամանակ էի պատրաստվել այս մեդալին: Մեծ հպարտություն ունեմ ավելի շատ նրա համար, որ առաջին 2 տեղերում Հայաստանի դրոշներն էին: Հպարտությանս չափ ու սահման չկար, որ պատվո հարթակի ամենաբարձր աստիճաններին 2 հայերով էինք: Մեծ հուզմունք կար այդ պահին, չգիտեի՝ ինչպես արտահայտել հույզերս: Կարծում եմ՝ ցանկացած հայի համար դա հպարտության մի պահ էր:

Կցանկանայի նշել, որ հավաքականը չկարողացավ ամբողջ ուժով մասնակցել, քանի որ մեր 2 մարզիկները զրո ստացան: Եթե նրանք զրո չստանային, թիմային հաշվարկում մենք անպայման կլինեինք առաջին տեղում: Ընդհանուր առմամբ, բոլորն էլ գոհ են արդյունքներից, նորմալ է»:

Լիանա Գյուրջյան (81 կգ). «Եվրոպայի առաջնությունը շատ կարևոր էր ինձ համար: Ելույթիցս գոհ եմ, բայց հիմնական գնահատականը կտան մարզիչները: Ունեմ մեդալ, ամեն ինչ շատ լավ ընթացավ: Հույս ունեմ, որ հաջորդ մրցումներին կգրավեմ ավելի բարձր տեղեր: Շատ լարված էի, բայց սա դեռ ամենը չէ, կաշխատեմ, որպեսզի հաջողություններ ունենամ աշխարհի առաջնություններում ու Օլիմպիական խաղերում: Իրականում, կարող էի նաև դառնալ արծաթե մեդալակիր, սակայն մրցման ընթացքն այլ կերպ ստացվեց ու սահմանափակվեցինք բրոնզե մեդալով»:

Հիշեցնենք, որ Մոսկվայում Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկամարտում նվաճել են Կարեն Ավագյանը (89 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ) եւ Գոռ Մինասյանը (+109) դարձել են Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+109) նվաճել են բրոնզե մեդալ: Իզաբելլա Յայլյանը (55 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) եւ Արփինե Դալալյանը (+87 կգ) գրավել են չորրորդ տեղը, Տաթեւ Հակոբյանը (87 կգ) զբաղեցրել է 9-րդ տեղը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) զրո էին ստացել հրում վարժությունում:

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում