15:19  ,  12 ապրիլի, 2021

Կարեն Գիլոյան. Վստահ եմ՝ Սիմոն Մարտիրոսյանն ամենևին չի կոտրվել

Ծանրամատի Հայաստանի հավաքականը Մոսկվայում ավարտված Եվրոպայի առաջնությունում հաջող մասնակցությունից հետո ապրիլի 12-ին վերադարձավ հայրենիք: Հայաստանի պատվիրակության կազմում էր Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, որը լրագրողների հետ զրույցում ամփոփեց հայ ծանրորդների ելույթները, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Մոսկվայում Կարեն Գիլոյանը մասնակցել էր նաև ծանրորդների մրցանակաբաշխության արարողություններին:

«Գնահատում եմ լավ, բարձր, հուսադրող: Նայելով այս ելույթներին՝ հավատով ես լցվում, քանի որ տեսնում ես, որ 2-3 տարի հետո այս հավաքականն, անկասկած, լինելու է աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկը: Այսօր էլ շատ լավ վիճակում են տղաները, բայց մոտ 2 տարուց փորձառություն ձեռք բերելուց հետո մենք պայքարելու ենք միայն թիմային հաղթանակի համար: Այս անգամ երկրորդն էինք թիմային հաշվարկում և զիջել ենք միայն բուլղարացիներին: Իհարկե, եթե չլինեին մեր 2 ձախողումները, կհաղթեինք թիմային հաշվարկում:

Ձախողումների մասին կասեմ, որ երկուսն էլ ուղղակի ոտքի խնդիր ունեին: Մենք գիտեինք, որ երկուսն էլ լավ մարզավիճակում չէին: Մերկապարանոց են հայտարարություններն այն մասին, որ Սիմոնը պետք է ավելի շուտ սկսեր և այլն: Սիմոն Մարտիրոսյանն այն կարգի ծանրորդ է, որ չի պայքարում զրո չստանալու համար, նա պայքարում է միայն չեմպիոն դառնալու համար: Իսկ այդ դեպքում լինում է նաև այդպիսի բան: Իրականում, Սիմոնն ընդամենը 15 օր էր մարզվել, ծնկի վիրահատություն էր տարել, և այդ ամենը մենք շատ լավ գիտեինք: Վստահ եմ, որ Սիմոն Մարտիրոսյանն ամենևին չի կոտրվել, որևէ խնդիր չկա: Նա Օլիմպիական խաղերի ֆավորիտն է՝ առանց կասկածի:

Դավիթ Հովհաննիսյանի ոտքերը, ծնկները թույլ էին: Երկուսի ուժեղ տեղն էլ ոտքերն են: Նրանք մարզումներով հետ կբերեն այդ ամենը: Պարզապես ծունկը չէր դիմանում, երկուսի դեպքում էլ նույնն էր: Լավ է լինելու, չկասկածեք ու լցվեք հավատով»,- նշեց Կարեն Գիլոյանը:

Հիշեցնենք, որ Մոսկվայում Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկամարտում նվաճել են Կարեն Ավագյանը (89 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ) եւ Գոռ Մինասյանը (+109) դարձել են Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+109) նվաճել են բրոնզե մեդալ: Իզաբելլա Յայլյանը (55 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) եւ Արփինե Դալալյանը (+87 կգ) գրավել են չորրորդ տեղը, Տաթեւ Հակոբյանը (87 կգ) զբաղեցրել է 9-րդ տեղը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) զրո էին ստացել հրում վարժությունում:

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում