14:56  ,  12 ապրիլի, 2021

Սիմոն Մարտիրոսյան. Այս ամենն ուներ մեկ պատճառ, բայց չենք հուսահատվում (ֆոտո)

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) Մոսկվայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից Հայաստան վերադառնալուց հետո «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր անհաջող ելույթին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Չստացվեց անել այն, ինչի համար մեկնել էինք: Կա մեկ պատճառ՝ ունեի վնասվածք, որի պատճառով չհասցրեցի լավ մարզավիճակ հավաքել: Սակայն չենք հուսահատվում, արդեն գիտենք՝ ինչն է պատճառը և շարժվում ենք դեպի Տոկիո: Օլիմպիական խաղերին կմասնակցեմ 200 տոկոսանոց մարզավիճակում:

Վնասվածքը ստացել էի մարզումների ժամանակ, իսկ Քարվաճառում թեթև ցավեցրել էի ոտքս, սակայն արդարացումներ չկան: Պարզապես չստացվեց, այդ օրը չէր: Հետագայում արդեն լավ է լինելու»,- ասաց 24-ամյա ծանրորդը:

Հիշեցնենք, որ Սիմոն Մարտիրոսյանը զրո էր ստացել հրում վարժությունում՝ չկարողանալով 3 փորձից բարձրացնել 227 կգ ծանրաձողը: Երկրորդ վարժության համար հայ ծանրորդը պատվիրել էր ամենածանր քաշը և մրցահարթակ դուրս եկավ այն ժամանակ, երբ մյուս բոլոր մասնակիցներն ավարտել էին ելույթները, սակայն անհաջողության մատնվեց:

Պոկում վարժության համար Սիմոն Մարտիրոսյանը պատվիրել էր 190 կգ, որը բարձրացրեց միայն երրորդ փորձից և նվաճեց փոքր ոսկե մեդալ:

Նախորդ՝ Բաթումի-2019 Եվրոպայի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը չեմպիոնի կոչումը նվաճել էր երկամարտի 427 կգ (192+235) արդյունքով:

Մոսկվայում Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկամարտում նվաճել են Կարեն Ավագյանը (89 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ) եւ Գոռ Մինասյանը (+109) դարձել են Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+109) նվաճել են բրոնզե մեդալ: Իզաբելլա Յայլյանը (55 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) եւ Արփինե Դալալյանը (+87 կգ) գրավել են չորրորդ տեղը, Տաթեւ Հակոբյանը (87 կգ) զբաղեցրել է 9-րդ տեղը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) զրո էին ստացել հրում վարժությունում:

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում