20:30  ,  10 ապրիլի, 2021

Մխիթարյանը վնասվածքից հետո առաջին անգամ ընդգրկվել է «Ռոմայի» հայտացուցակում (ֆոտո)

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է թիմի հայտացուցակը «Բոլոնիայի» դեմ Իտալիայի առաջնության 30-րդ տուրի հանդիպման համար:

Հայտացուցակում տեղ են գտել 23 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 32-ամյա ֆուտբոլիստը վնասվածքից վերականգնվելուց հետո առաջին անգամ է ընդգրկվել «Ռոմայի» հայտացուցակում:

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան նախախաղային ասուլիսում նշել է, որ Մխիթարյանը հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանից: Պորտուգալացի մարզիչը նաև հայտնել է, որ ապրիլի 10-ին հայ ֆուտբոլիստը մարզվել է ընդհանուր խմբի հետ:

«Ռոմա» - «Բոլոնիա» հանդիպմանը տեղի կունենա ապրիլի 11-ին և կսկսվի Երևանի ժամանակով 20:00-ին:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն ուկրաինական «Շախտյորի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ստացած վնասվածքի պատճառով մարտի 12-ից բացակայում է խաղադաշտից: Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում «Ռոմայի» կազմում անցկացրել է 34 հանդիպում, դարձել 11 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում