18:08  ,  9 ապրիլի, 2021

Հովհաննես Բաչկովն առաջին ռաունդում նոկաուտով հաղթել է թուրք մրցակցին

Բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Հայաստանի հավաքականի ավագ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած երկրորդ մենամարտում հաղթանակ է տարել ազգությամբ թուրք, Ուկրաինան ներկայացնող Բինալի Շախմանդարովի նկատմամբ։

Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի #MTKFightNight երեկոյի ընթացքում Բաչկովը մրցակցին նոկաուտի է ենթարկել առաջին ռաունդում։

Գյումրեցի բռնցքամարտիկն առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել էր 2020 թվականի հոկտեմբերի 9-ին Դուբայում տեղի ունեցած Rotunda Rumble IV երեկոյի ընթացքում, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է 32-ամյա վենեսուելացի Սամուել Գոնսալեսին:

Նորամուտի հաղթանակը Բաչկովը նվիրել էր հայ զինվորին:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսին Բաչկովը 3 տարվա պայմանագիր էր կնքել MTK Global մենեջերական ընկերության հետ: Ըստ պայմանագրի, պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալուն զուգահեռ, Եվրոպայի կրկնակի չեմպիոնը կնախապատրաստվի նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում