14:02  ,  8 ապրիլի, 2021

MTK Fight Night․ Հովհաննես Բաչկովի եւ թուրք մրցակցի հայացքների մենամարտը

Բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Հայաստանի հավաքականի ավագ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում երկրորդ մենամարտը կանցկացնի Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունենալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի #MTKFightNight երեկոյի ընթացքում։

Մենամարտը տեղի է ունենալու ապրիլի 9-ին: Մրցակիցն ազգությամբ թուրք, Ուկրաինան ներկայացնող Բինալի Շախմանդարովն է (2-0-1)։

Արդեն տեղի է ունեցել մրցակիցների կշռման արարողությունը եւ հայացքների մենամարտը։

Բաչկովի երկրորդ մենամարտը պետք է տեղի ունենար փետրվարի 27-ին Ալմաթիում, բայց հետաձգվել էր կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով:

Գյումրեցի բռնցքամարտիկն առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 2020 թվականի հոկտեմբերի 9-ին Դուբայում տեղի ունեցած Rotunda Rumble IV երեկոյի ընթացքում, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է 32-ամյա վենեսուելացի Սամուել Գոնսալեսին:

Նորամուտի հաղթանակը Բաչկովը նվիրել էր հայ զինվորին:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսին Բաչկովը 3 տարվա պայմանագիր էր կնքել MTK Global մենեջերական ընկերության հետ: Ըստ պայմանագրի, պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալուն զուգահեռ, Եվրոպայի կրկնակի չեմպիոնը կնախապատրաստվի նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում