00:51  ,  7 ապրիլի, 2021

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Բորուսիային», «Ռեալը»՝ «Լիվերպուլին» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայում մեկնարկեցին քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները։

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ եւ հաղթեց 2։1 հաշվով։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի կազմում 19-րդ րոպեին ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզի փոխանցումից հետո աչքի ընկավ բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն։

84-րդ րոպեին դորտմունդյան թիմը վերականգնեց հավասարությունը գերմանացի հարձակվող Մարկո Ռոյսի գոլի շնորհիվ։ Գոլային փոխանցումը կատարեց նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։

90-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը խփեց մանչեսթերյան թիմի հաղթական գոլը։

Մադրիդում Իսպանիայի չեմպիոն «Ռեալն» ընդունեց Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլին» եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

Ֆրանսիացի Զինեդին Զիդանի ղեկավարած թիմի կազմում խաղի հաշիվը բացեց բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, որը 27-րդ րոպեին օգտագործեց գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսի փոխանցումը։ 36-րդ րոպեին Արքայական ակումբի առավելությունը կրկնապատկեց իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն։

Երկրորդ խաղակեսում հյուրերի եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը կրճատեց տարբերությունը 51-րդ րոպեին, սակայն Վինիսիուսը ձեւակերպեց դուբլ։ Արդյունավետ փոխանցումը կատարեց խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։

Այս թիմերը պատասխան հանդիպումները կանցկացնեն ապրիլի 14-ին։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Բորուսիա Դ» (Գերմանիա)՝ 2։1 (տեսանյութ)

Կեւին Դե Բրույնե, 19, Ֆիլ Ֆոդեն, 90 - Մարկո Ռոյս, 84

«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 3։1 (տեսանյութ)

Վինիսիուս Ժունիոր, 27, 65, Մարկո Ասենսիո, 36 - Մոհամեդ Սալահ, 51

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում