20:46  ,  31 մարտի, 2021

Հայաստան - Ռումինիա․ Առաջին խաղակեսից հետո (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրում ընդունել է Ռումինիայի հավաքականին։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթացող դիմակայության առաջին խաղակեսում դարպասի գրավում չգրանցվեց։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը իսլանդացիների դեմ 3 օր առաջ կայացած խաղի համեմատ մեկնարկային կազմում կատարել էր 4 փոփոխություն և դարձյալ ընտրել էր 4-4-2 տակտիկական սխեման: Ռումինացիներն ավելի ակտիվ սկսեցին խաղը և սկզբնամասում ունեին նկատելի տարածքային առավելություն:

Հայաստանի հավաքականը խաղում էր երկրորդ համարով, բայց վտանգավոր հակագրոհներ անցկացնել չէր հաջողվում մեկնարկում: 9-րդ րոպեին հյուրերը լրջորեն սպառնացին Հայաստանի հավաքականի դարպասին: Տուգանայինից հետևեց վտանգավոր հարված, որից հետո Դավիդ Յուրչենկոն դժվարությամբ գնդակը հանեց անկյունային:

Անչափ վտանգավոր ստացվեց նաև ռումինացիների խաղարկած անկյունայինը, սակայն դաշտի տերերի դարպասապահը դարձյալ հաջող գործեց: 14-րդ րոպեին Հայաստանի հավաքականը ստեղծեց առաջին վտանգավոր պահը՝ դաշտի կենտրոնում օգտվելով մրցակցի սխալից: Հարվածային դիրքում հայտնվեց Ալեքսանդր Կարապետյանը, որի հարվածից հետո հյուրերի դարպասապահը դժվարությամբ փրկեց թիմին:

Քիչ անց վտանգավոր հարված կատարեց նաև Տիգրան Բարսեղյանը, բայց գնդակն ընթացավ փոքր շեղությամբ: 23-րդ րոպեին հայկական թիմը կարող էր գոլ բերել սեփական դարպասին, եթե ռումինացիներն արդյունավետ կերպով օգտվեին դաշտի տերերի սխալից: Պահը ստացվեց վտանգավոր, իսկ հարվածը՝ բարձր 22-րդ րոպեին դեղին քարտ ստացավ Տիգրան Բարսեղյանը, իսկ 28-րդ րոպեին՝ Խորեն Բայրամյանը, ինչը նշանակում է, որ 2 կիսապաշտպանները բաց կթողնեն հաջորդ ընտրական հանդիպումը: Խաղակեսի միջնամասում հանդիպումն անցնում էր առանց իրական գոլային պահերի:

Ռումինացիները փորձում էին խաղալ կարճ փոխանցումներով կոմբիանցիոն ֆուտբոլ, բայց դաշտի տերերն աստիճանաբար կարողացան հավասարեցնել խաղը: 41-ին րոպեին ռումինացիները խաղարկեցին ևս մեկ վտանգավոր անկյունային հարված, իսկ քիչ անց անցկացրին նաև սուր հակագրոհ, ինչին Հայաստանի հավաքականը պատասխանեց հաջորդ գրոհի ժամանակ: Մրցակցի տուգանային հրապարակում հայտնված Անդրե Կալիսիրը հայտնվեց հարվածային դիրքում, բայց նրա հարվածը շեղ ստացվեց: Խաղակեսի վերջնամասն անցավ փոխնիփոխ գրոհներով, և թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռումինիայի հավաքականները նախկինում հանդիպել են 5 անգամ: 4 հաղթանակ տարել են ռումինացիները, մեկ հանդիպում էլ ավարտվել է ոչ ոքի:

ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրից հետո Հայաստանի ու Գերմանիայի հավաքականներն ունեն 6-ական միավոր, Ռումինիան ու Հյուսիսային Մակեդոնիան՝ 3-ական, իսկ Իսլանդիան ու Լիխտենշտեյնը կրել են 2 պարտություն:

ԱԱ-2022, ընտրական մրցաշար, երրորդ տուր

J խումբ

Հայաստան - Ռումինիա՝ 0։0 (առաջին խաղակես)

Հայաստան․ Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Կարեն Մուրադյան, Խորեն Բայրամյան, Տիգրան Բարսեղյան, Նորբերտո Բրիասկո Բալեկյան, Ալեքսանդր Կարապետյան:

Պահեստայիններ․ Անատոլի Այվազով, Արսեն Բեգլարյան, Տարոն Ոսկանյան, Վբեյմար, Էդգար Բաբայան, Հակոբ Հակոբյան, Էդուարդ Սպերցյան, Սոլոմոն Ուդո, Ժիրայր Շաղոյան, Սերոբ Գրիգորյան, Սարգիս Ադամյան, Վահան Բիչախչյան։

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում