23:47  ,  29 մարտի, 2021

Ժիրայր Շաղոյանը՝ հավաքականում նորամուտի մասին․ Մարզիչը հանձնարարել էր միայն առաջ շարժվել

Երեւանի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը մեկնաբանել է իր նորամուտը Հայաստանի ազգային հավաքականում։ Իսլանդիայի դեմ աշխարհի առաջնության երկրորդ տուրի խաղում (2։0) 19-ամյա ֆուտբոլիստը 81-րդ րոպեին փոխարինել էր Սարգիս Ադամյանին։

Իսլանդիայի հավաքականի նկատմամբ տոնած հաղթանակից հետո զրուցել ենք Հայաստանի հավաքականում նորամուտը նշած Ժիրայր Շաղոյանի հետ։

«Ամեն ինչ շատ արագ ստացվեց, չհասկացա` ինչպես պահեստայինների նստարանից հայտնվեցի խաղադաշտում։ Սկզբում լարված էի, բայց արագ հարմարվեցի։ Մարզիչը հանձնարարել էր միայն առաջ շարժվել, դա էր իմ հիմնական խնդիրը։

Շատ ուրախ եմ, որ հաղթեցինք նորամուտիս խաղում։ Ավելի շատ պիտի աշխատեմ, որպեսզի ավելի շատ խաղաժամանակ ստանամ, իսկ խաղադաշտում ինձ լավագույնս եմ դրսևորելու»,- Ժիրայր Շաղոյանի խոսքը մեջբերում է ԲԿՄԱ-ի մամուլի ծառայությունը։

ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրից հետո Հայաստանի ու Գերմանիայի հավաքականներն ունեն 6-ական միավոր, Ռումինիան ու Հյուսիսային Մակեդոնիան՝ 3-ական, իսկ Իսլանդիան ու Լիխտենշտեյնը կրել են 2 պարտություն: Մարտի 31-ին Հայաստանի թիմը կընդունի ռումինացիներին։

Ֆոտո՝ ԲԿՄԱ-ի մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով