23:16  ,  28 մարտի, 2021

Հակոբ Հակոբյան․ Ուրախացանք, բայց արդեն այսօրվանից պատրաստվում ենք Ռումինիայի հավաքականի հետ հանդիպմանը

Երեւանի «Ուրարտուի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Հակոբ Հակոբյանը մեկնաբանել է 2։0 հաշվով հաղթանակը Իսլանդիայի հավաքականի նկատմամբ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում։

Հակոբ Հակոբյանը իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմի մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 56-րդ րոպեին։

«Շատ լարված հանդիպում էր, մենք շատ լավ էինք պատրաստվել այս խաղին, քանի որ գիտեինք, որ մեզ դիմակայելու է բավականին զորեղ մրցակից, մենք բավականին կազմակերպված ու գրագետ ֆուտբոլ ցուցադրեցինք։

Պաշտպանությունում գրեթե անսխալ գործեցինք ու մրցակցին գրեթե հնարավորություն չտվեցինք։

Շատ կարևոր հաղթանակ էր։ Ուրախացանք, բայց արդեն այսօրվանից պատրաստվում ենք Ռումինիայի հավաքականի հետ հանդիպմանը։

Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ խաղում էլ երեք միավոր վաստակենք։

Ինչ վերաբերվում է վնասվածքիս, ապա կասեմ, որ լուրջ բան չկա, պարզապես մինչև հավաքականին միանալը տևական ժամանակ բացակայում էի վնասվածքի պատճառով ու չէի խաղում։ Լավ է, որ լուրջ բան չկա ու արդեն հաջորդ խաղին պատրաստ կլինեմ»,- Հակոբ Հակոբյանի խոսքը մեջբերում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը։

Հայաստանի հավաքականն առաջին անգամ աշխարհի առաջնության ընտրական փուլում մեկնարկեց երկու հաղթանակով։ Առաջին տուրում հայ ֆուտբոլիստները Վադուցում 1։0 հաշվով հաղթել էին Լիխտենշտեյնի թիմին եւ J խմբի ընթացիկ առաջատարն են։

Մարտի 31-ին Երեւանում Հայաստանի թիմը երրորդ տուրի խաղում կմրցի ռումինացիների հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում