22:50  ,  28 մարտի, 2021

Կապառոս․ Թիմն ու երկրպագուները միասին հասան հիանալի արդյունքի

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի տնային խաղում Իսլանդիայի հավաքականի նկատմամբ 2։0 հաշվով հաղթանակից հետո հեռավար ասուլիսում պատասխանեց լրագրողների հարցերին։

«Խաղի սկիզբը բարդ ստացվեց, սակայն առաջին խաղակեսի միջնամասից մեր թիմը տիրեց գնդակին եւ սկսեց օգտագործել ազատ գոտիները։

Հատուկ չէի նշի Խորեն Բայրամյանի եւ Տիգրան Բարսեղյանի խաղը, կնշեի ամբողջ թիմի աշխատանքը, քանի որ ֆուտբոլը թիմային խաղ է։ Որեւէ մեկի լավ խաղի համար պետք է թիմակիցներն էլ լավ խաղան։ Կնշեմ ամբողջ թիմին եւ մեր երկրպագուներին։ Միասին մենք հասանք այս հաղթանակին։

Իհարկե, Տիգրանն ու Խորենը շատ լավ անցկացրին, բայց նույնը կասեի մյուսների մասին։

Սա թիմ է, եւ կազմի ռոտացիան անհրաժեշտ բաղադրիչ է։ Հաջորդ խաղում դարձյալ կունենանք փոփոխություններ։

Հիանալի արդյունքի հասանք, եւ հենց դրա մասին պետք է խոսել։

Ժիրայր Շաղոյանը երիտասարդ ֆուտբոլիստ է եւ պետք է ստանա խաղալու հնարավորություն եւ ձեռք բերի փորձ»,- նշեց Կապառոսը

Հայաստանի հավաքականն առաջին անգամ աշխարհի առաջնության ընտրական փուլում մեկնարկեց երկու հաղթանակով։ Առաջին տուրում հայ ֆուտբոլիստները Վադուցում 1։0 հաշվով հաղթել էին Լիխտենշտեյնի թիմին եւ J խմբի ընթացիկ առաջատարն են։

Մարտի 31-ին Երեւանում Հայաստանի թիմը երրորդ տուրի խաղում կմրցի ռումինացիների հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս